հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու շուրջ․ Միրզոյան

Մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու շուրջ․ Միրզոյան

Ավելորդ է անգամ ասել, որ այս հռետորաբանությունն ու ագրեսիվ կեցվածքը ոչ միայն չեն նպաստում խաղաղության գործընթացին, այլև նոր խոչընդոտներ են ստեղծում: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք համառորեն և անկեղծորեն շարունակելու ենք բանակցել՝ նպատակ ունենալով տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատել»,- նշել է Միրզոյանը:

Միրզոյանը հայտարարեց՝ Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու շուրջ․

«Հայաստանը համարում է, որ Լաչինի միջանցքի և նրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են և կարգավորումները տեղ են գտել 2020 նոյեմբերի 9-ի համաձայնագրում, ըստ որի՝ Լաչինի միջանցքը մնում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ և Ադրբեջանը երաշխավորում է այդ միջանցքով երկկողմ անխափան երթևեկությունը՝ մարդկանց, բեռների և մեքենաների։

Սա ամրագրված պայմանավորվածություն է, և մենք այստեղ պետք է արդեն կասկած հայտնենք՝ ընդհանրապես հետագա բանակցությունների նպատակահարմարության վերաբերյալ, ինչ իմաստ ունի ձեռք բերել անընդհատ այլ հարցերի շուրջ պայմանավորվածություններ, եթե դրանք որոշ ժամանակ հետո անպայմանորեն խախտվելու են Ադրբեջանի կողմից և Ադրբեջանը նույն այդ հարցի շուրջ հանդես է գալու նոր, ավելի կոշտ պահանջներով: Ոչ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ»։

  • Կիսվել: