հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Մայր Հայրենիքը ձեռքերը չի լվացել Արցախից, սա է հայության կարծիքն ու որոշումը. Սաղաթելյան

Մայր Հայրենիքը ձեռքերը չի լվացել Արցախից, սա է հայության կարծիքն ու որոշումը. Սաղաթելյան

1999 թվականին ՀՅԴ երիտասարդներնառաջին անգամ Երևանի կենտրոնից Ջահերով քայլեցին դեպի Ծիծեռնակաբերդ։ Ամեն հաջորդ տարի Ջահերով երթի մասնակիցների քանակը բազմապատկվեց։ Այսօր ահա այն վերածվել է համազգային միասնականության երթի։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ երթը վերաիմաստավորվել, նոր երանգ, նոր շեշտադրումներ է ստացել հատկապես այժմ, երբ բեկումնային ժամանակ է, երբ գոյութենական վտանգների առջեւ ենք։ ՛՛Մենք արձանագրում ենք, որ ՛՛Հիշում և պահանջում եմ՛՛ համահայկական կարգախոսը վերջին տարիներին ձևախեղվում է։ Փորձ է արվում մեր ժողովրդի արդար պայքարը սահամանափակել զուտ հիշողության ամորֆ ձեւակերպումով՛՛,-նշեց Սաղաթելյանը:

Սաղաթելյանի խոսքով` այս իշխանությունը, կատարելով թուրքական նախապայմանները, ցանկանում է հրաժարվել համահայկական պայքարից, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ իրավունքների պաշտպանության սահմանադրական հանձնառությունից, Արցախից, հայրենիքի դարպասները ցանկանում է բացել թշնամու առաջ։

՛՛Այս հրապարկից, Երեւանի սրտից, մեր տասնյակ հազարավոր ջահակիրների, վճռական հայության անունից դիմում եմ միջազգային հանրությանը՝ սա է հայկական կամքը, հայ ժողովրդի դիրքորոշումը, եւ ոչ թե փակ դռների ետեւում, ցանկացած պետության մայրաքաղաքում, զիջումի պատրաստ Հայաստանի անունից հանդես եկողի լռությունն ու թուրքական պահանջների կատարման պատրաստակամությունը։

Այս հրապարկից դիմում եմ հայկական Սփյուռքում ապրող, հայկականությունը պահպանող, նախնյաց հիշատակն ու պատգամը վառ պահող մեր միլիոնավոր հայրենակիցներին։ Այս ջահերը, տասնյակ հազարավոր հայաստանցիների ներկայությունը փաստում են. մեր իրավունքների պաշտպանությունը, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարը դադար չի առնելու։

Դիմում եմ Արցախի Հանրապետության մեր հայրենակիցներին։ Մեր վճռական ներկայությունը, զինվորագրումը գրավական ու ապացույցն է, որ դուք մենակ չեք։ Մայր Հայրենիքը ձեռքերը չի լվացել Արցախից։ Սա է հայության կարծիքն ու որոշումը, ոչ թե մի քանի իշխանավորների թուրքական թեզերով հայտարարությունները՛՛,-ասաց նա եւ հավելեց. ՛՛Հեռացնելու ենք աղետաբեր այս իշխանությանը՛՛:

Հավելենք նաև, որ Իշխան Սաղաթելյանը կոչով դիմեց ջահակիրներին` ասելով. ՛՛Մեզ հետ պայքարի ենք հանում մեր հարևանին, ընկերոջը, բարեկամին, կուրսեցուն, համագյուղացուն։ Համահայկական զորաշարժ և դիմադրություն։ Ահա սա է հաղթանակի ճանապարհը...

Զանգը հնչել է. սա նոր Սարդարապատի, նոր Բաշ-Ապարանի, նոր զարթոնքի զանգ է՛՛:

  • Կիսվել: