Մատանիները ճոխ ու թանկարժեք չեն, այլ փոքրիկ ուադրություն էին քաղաքապետարանի կողմից. Էջմիածնի քաղաքապետ
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը արձագանքել է այսօր «Փաստ» թերթում հրապարակված տեղեկությանը, թե Էջմիածնի քաղաքապետարանը պետական գնումների մրցույթին ներկայացրել է ոսկյա մատանիներ գնելու հայտ:
«Երբ առավոտյան արթնանում ես և կարդում «սենսացիա» պարունակող հոդված, որը լույսի արագությամբ տարածվում է հստակ շահեր սպասարկող մի քանի լրատվականով: Եվ այսպես, Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե կգնի, այլ արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ, որոնք նվիրել է էջմիածնաբնակ նորապսակների սույն թվականի փետրվարի 13-ին՝ Տեառնընդառաջին նվիրված տոնակատարության շրջանակներում: Մատանիները ստացած զույգերը կփաստեն, որ դրանք ճոխ և թանկարժեք չեն. ավելի շատ ունեն սիմվոլիկ նշանակություն և փոքրիկ ուշադրություն են քաղաքապետարանի կողմից: Ես չեմ ակնկալում, որ իմ այս գրառումը նույն արագությամբ կտարածվի, քանի որ սա արդեն ձեռնատու չէ մտահոգներին, այնպես որ անդրադառնում եմ նյութին պարզապես իմ համաքաղաքացիներին թյուրընկալումներից հեռու պահելու համար: Մենք աշխատել և աշխատում ենք բաց ու թափանցիկ, ծառայել և ծառայում ենք մեր սիրելի քաղաքի բարեկեցությանը: Բարի օր եմ մաղթում բոլորիդ», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: