կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մարուքյանը որոշ ապրանքների գնաճի առնչությամբ դիմել է ՏՄՊՊՀ նախագահին

Մարուքյանը որոշ ապրանքների գնաճի առնչությամբ դիմել է ՏՄՊՊՀ նախագահին

Հանրապետությունում վերջին մի քանի օրերին արձանագրվել է առաջնային լայն սպառման ապրանքների գների աճ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: 
 
«Թանկացած ապրանքների թվում են` ալյուրը, ձավարը, հացը, ձուն, բրինձը, պանիրը և այլ կաթնամթերք, թռչնամիսը, ավելի վաղ՝ ձեթը, ինչպես նաև բենզինը, բնական սեղմված և հեղուկ գազը: Շաքարը թանկացել է 26.6%-ով՝ համեմատած նախորդ տարվա արժեքի։
 
Ընդ որում՝ հայտնի է, որ վառելիքի թանկացումն իր հետ բերելու է նաև այլ ապրանքների գների էլ ավելի թանկացման։
 
Եվ սա այն պայմաններում, երբ պատերազմը նոր է վերջացել, համաճարակը դեռ մոլեգնում է մեր երկրում, մի կողմից կորցրել ու կորցնում ենք աշխատատեղեր, մյուս կողմից` քաղաքացիների ֆինանսական բեռը միայն ավելանում է։
 
Այս հարցի առնչությամբ դիմել եմ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին և խնդրել ուսումնասիրել, թե սննդամթերքի և վառելիքի շուկայում թանկացումներն ինչով են պայմանավորված, ինչպես նաև կիրառել օրենքով հանձնաժողովին վերապահված գործիքները՝ չհիմնավորված թանկացած ապրանքների գներն իջեցնելու և իրավախախտ սուբյեկտների նկատմամբ համապատասխան սանկցիաներ կիրառելու համար»,- գրել է Մարուքյանը։

  • Կիսվել: