Մանե Գևորգյանն անհետացել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում պետական ուղղահայացը չի աշխատում։ Անտեղյակության և անկազմակերպվածության պատճառով ՀՀ իշխանությունները հերթական անգամ նախօրեին հայտնվեցին կոտրած տաշտակի առջև: Թերևս մեկ «քլիք» ավել հավաքելու, «լայքեր» ստանալու կամ PR-ի ձգտումը ծանր հետևանքներ ունեցավ պետական պաշտոնյայի համար: Բանն այն է, որ ապրիլի 8-ին իշխանամետ լրատվամիջոցներից մեկի կողմից տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանից գերիներ են տեղափոխվելու Հայաստան: Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հաստատեց լուրը՝ հավելելով. «Այսօր նախատեսվում է հայ ռազմագերիների վերադարձ Երևան»: Ինքնաթիռը, սակայն, Հայաստանում վայրէջք կատարեց դատարկ:
Իրավիճակը երեկ ավելի թեժացրեց ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը՝ հայտնելով, որ գերիների վերադարձի հարց պլանավորված չի եղել, ինքնաթիռի վայրէջքը եղել է սովորական աշխատանքային այց: Ահա այստեղ էլ հարց է առաջանում՝ ինչու էր վարչապետի խոսնակը շտապում չճշտված հայտարարություն անել։ Ինչո՞ւ էր շտապում ասել, թե գերիներ են գալու, եթե չէր ճշտել նախապես՝ նրանք ինքնաթիռում են, թե ոչ։ Ի վերջո, ՀՀ վարչապետի խոսնակը պարտավոր է միայն ճշգրտված տեղեկություն հայտնել, այլ ոչ թե խաղալ իրենց որդիներին կորցրած ծնողների հույզերի, զգացմունքների հետ։
Ցանկացած այլ երկրում այսպիսի խայտառակությունից հետո պետք է հրաժարականներ լինեին, սակայն երեկ ողջ օրը նման տեղեկություն չստացվեց: Երեկ՝ վաղ առավոտից, «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է հենց Մանե Գևորգյանից նախ հասկանալ՝ իր հայտարարության հիմնավորումն ինչի վրա էր կառուցված, և երկրորդ՝ պարզել Գևորգյանից՝ չի պատրաստվում արդյոք հրաժարական տալ: Նա, սակայն, ուղղակի անհետացել է, իսկ ՊՆ շենքը շարունակում է պաշարված մնալ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում