չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Լուսանկարների հրապարակման մեջ անձնական տվյալների խախտումներ չկան. պատգամավոր

Լուսանկարների հրապարակման մեջ անձնական տվյալների խախտումներ չկան. պատգամավոր

Սա հոգեբանական ճնշում չի կարող դիտարկվել, սա հանրային իրազեկման և հանրային մոբիլիզացիայի կոչ է: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցում վարչապետի կողմից հրապարակված լուսանկարներին ու տեսանյութերին։

«Հենց ի սկզբանե վարչապետը հայտարարեց, որ սա որևէ կերպ պախարակման համար չի արվում, որևէ կերպ հանրային խարազանման համար չի արվում։ Սա պարզապես ֆիքսել է տվյալ իրավիճակը, թե ինչպիսի համատարած խախտումներ են տեղի ունենում: Վարչապետը նաև իր լայվերից մեկում ասաց, որ սա այն իրավիճակն է, երբ Ոստիկանությունը միայնակ պարզապես չի կարող գործել»,- նշեց Գայանե Աբրահամյանը։

Ըստ նրա, ամեն բակում, ամեն մուտքի մոտ չի կարող ոստիկան լինել, և դա ոչ միայն նրա համար, որ չունենք բավարար ոստիկանական ուժեր, այլ անիմաստ և անհեթեթ է այդքան ուժ ներգրավել մի իրավիճակում, երբ քաղաքացիները իրավագիտակից են։

«Եւ եթե մեր քաղաքացիներին չմոլորեցնեն, եթե տեղեկատվական տեռորի մեջ չդնեն...Մարդիկ չեմ իմանում՝ ով է ճիշտ ասում, ով՝ սխալ։ Հաճախ այդ ասողները բժիշկներ են, ուստի դա է խնդիրը։ Այ սա հոգեբանական շատ լուրջ տեռոր է։ Այդ տեռորը ոչ միայն հոգեբանության վրա է ազդում, այլև հանրային առողջության և պետական անվտանգության»,-ասաց նա։

Գայանե Աբրահամյանի խոսքով, լուսանկարների հրապարակման մեջ անձնական տվյալների խախտումներ չկան:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն էլ ասաց, որ նման տեղեկատվական տեռորի պայմաններում, երբ հանրությանն ուղղակի կոչեր են անում տարբեր մամուլի ասուլիսներ կազմակերպելով՝ չկրել դիմակ, ինչ-որ սահմանադրական իրավունքներ են մեջբերում, արդյոք այդ մարդիկ գիտակցո՞ւմ են, թե ինչ վնաս են հասցնում պետությանը:

«Իսկ վարչապետի հրապարակումները ցույց են տալիս, որ երբ մենք կանոններ ենք սահմանում և մարդիկ դրանք չեն պահպանում, հետո բողոքում են աճող թվերից, ապա փաստացի խախտում են սահմանված կանոնները: Որքան էլ ոստիկանությունն աչալուրջ լինի, միևնույն է, մարդիկ պետք է հասկանան, թե ինչ են անում: Ես չեմ կարծում, որ որևէ ողբերգություն կլինի, եթե մարդիկ 3-4 ամիս կամ գուցե կես տարի մեծ միջոցառումներ չկազմակերպեն:  Ես հասկանում եմ, որ դա նաև մենթալիտետի խնդիր է, բայց այո, մարդիկ պետք է ենթարկվեն կանոններին: Եթե այդ լուսանկարները կարող են հանրության վրա որոշակի ճնշման գործիք հանդիսանալ, ապա դրանք բացառապես արդարացված են հենց հանրային առողջության տեսանկյունից»,- ընդգծեց նա։

 

  • Կիսվել: