չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը ԵԱՀԿ ՄԽ քննարկումներում չի եղել. ԱՄՆ դեսպան

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը ԵԱՀԿ ՄԽ քննարկումներում չի եղել. ԱՄՆ դեսպան

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը ԵԱՀԿ Մինսկի խմբի քննարկումներում չի եղել։ Այդպիսի կարծիք է հայտնել դեսպան Քերի Քավանոն, որը 1999-2001 թվականներին եղել է ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, գրում է arminfo.info-ն:

Մասնավորապես, նախկին դիվանագետի խոսքով, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղում 2020թ.նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի մյուս տարրերի, որը կնքվել է Ռուսաստանի միջնորդությամբ, տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայումը չի եղել նախկինում քննարկված հարցերի մի մասը բանակցություններում, որոնք ընթացել են Մինսկի խմբի միջնորդությամբ:

Քավանոն խմբի ամերիկացի համանախագահն էր, երբ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2001 թվականի ապրիլին հանդիպեցին Քի Ուեսթում։ Շատ փորձագետների կարծիքով, Քի Ուեսթի հանդիպմանը նախորդած բանակցություններում կողմերն առավել մոտ էին Լեռնային Ղարաբաղի շուրջ հաշտության համաձայնագրին: Սակայն այդպես էլ համաձայնություն ձեռք չւ բերվել։

Քավանոյի խոսքով, այն գործոններից մեկը, որն այն ժամանակ խաթարել էր հանրային վստահությունը, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանի գնդակահարությունն էր: Այդ ժամանակ ութ զոհերի թվում էին նաեւ Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը։ Ինչպես նշել է Քավանոն, "մի քանի առանցքային անձինք, որոնք կարեւոր դեր կխաղային [Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ] որոշման հետագա իրականացման գործում, սպանվեցին":

"Այդ օրը ես Հայաստանում էի ամերիկյան համանախագահության պատվիրակության հետ։ Առավոտյան մենք նախագահի նստավայրում հանդիպել էինք նախագահի, վարչապետի, արտգործնախարարի հետ ։ Այնտեղից մեկնեցինք օդանավակայան և թռանք Անկարա, իսկ երբ ժամանեցինք Անկարա, իմացանք, որ տեղի է ունեցել Հայաստանի խորհրդարանի գնդակահարություն, որ վարչապետն ու խորհրդարանի նախագահն սպանվել են", - պատմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահը "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայության հետ հարցազրույցում։

Քավանոյի խոսքով՝ այդ պահին լուրջ քննարկումներ էին ընթանում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ։ "Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, որոնք ներկայացնում էին Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, մենք գիտեինք, որ երկու երկրների ղեկավարները խոսում են շատ լուրջ որոշումների. Սակայն Բաքվում կամ Երեւանում ապրողն այն ժամանակ կարող էր միայն լսել, որ փոխզիջում չկա։ Մի կողմից՝ շարքային քաղաքացիները կլսեին, որ բոլոր գրավյալ տարածքների նկատմամբ վերահսկողությունը կպահպանվի։ Մյուս կողմից՝ նրանք կլսեին, որ չի առաջարկվելու որուէ բան, ինչը լայն ինքնավարությունից վեր կլիներ", - նշել է նա։

Քավանոն չի մանրամասնել այն ժամանակվա քննարկումների մասին, նշելով, որ այժմ դրա համար լավագույն պահը չէ, հաշվի առնելով հանգամանքը, որ կողմերը բանակցությունների սեղանի շուրջ դեռ կարող են վերադառնալ հնարավոր փոխզիջումներին։

"Ուզում եմ մտածել, որ այսօր (Հայաստանի վարչապետ Նիկոլ) Փաշինյանը և [Ադրբեջանի նախագահ Իլհամ] Ալիևը կարող են ավելի արդյունավետ քննարկել հնարավոր փոխզիջումները ։ Ես չեմ կարծում, որ դա տեղի է ունենում, բայց կողմերին նման զրույցի վերադարձնելու հնարավորություն  դեռ կա: Եվ միանգամայն հնարավոր է, որ հաշվի առնելով այն, ինչ ամրագրված է հրադադարի շուրջ համաձայնագրում, նրանք պատրաստ են պայմանավորվել նաև այլ բաների մասին", - նշել է նախկին միջնորդը։

Խոսելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին՝ Քավանոն նշել է, որ հրադադարի պայմանավորվածության մեջ եղած բոլոր տարրերը քննարկվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից, եղել են երկխոսության մի մաս, բացառություն է ռուս խաղաղապահների տեղակայումը։ "Մինսկի խմբի քննարկումներում կար, որ լավագույն լուծումը կլիներ, եթե խաղաղապահները կամ դիտորդները ներկայացնեին ոչ հարևան երկրները, ոչ էլ համանախագահ երկրները։ Կարծում եմ, որ Ռուսաստանը սրա հետ լրիվ համամիտ էր, դա այս հարցում քաղաքականապես ավելի բարենպաստ մոտեցում էր։ Ինչո՞ւ Ռուսաստանը մտցրեց իր խաղաղապահներին։ Կարծում եմ, որ դա պայմանավորված էր իրավիճակի վտանգավորությամբ, այն արագությամբ, որով ընկնում էին հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները, և Շուշիի շուրջ արագ զարգացումներով ", - նշել է Քավանոն։

  • Կիսվել: