Կուսակցություններ կան, որոնց հետ արդեն ձեռք ենք բերել պայմանավորվածություններ. Էնֆիաջյան
Կուսակցություններ կան, որոնց հետ արդեն հստակ ձեռք ենք բերել պայմանավորվածություններ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ հավելելով, որ խոսքը «Հայրենիք», ՀՅԴ և «Մեկ Հայաստան» կուսակցությունների մասին է:
«Դա լինելու է նախաձեռնող կորիզը, այն կազմը, որը հետագա գործողություններն իրականացնելու է: Բայց կան քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ, որոնց հետ մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, քննարկում ենք ստեղծված իրավիճակը: Նրանք նույն կերպ մտահոգված են, ներկայացնում են խնդրահարույց ոլորտները։ Մենք կարծում ենք, որ ընդհանուր եզրեր ունենք նրանց հետ միասնական աշխատելու»,- նշեց ԱԺ փոխնախագահը։
Հարցին, թե կոնկրետ որ ուժերի մասին է խոսքը, Վահե Էնֆիաջյանն ասաց, որ ուժեր կան, որ հայտարարություններով էլ են հանդես եկել, օրինակ՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը:
«Մեր արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները արդեն հրապարակայնացրել ենք: Եթե կունենանք որևէ մեկ քաղաքական ուժի հետ հստակ գործողություններ իրականացնելու պայմանավորվածություններ, բնականաբար կհրապարակենք»,- ընդգծեց նա։