Կոմունիկացիաները ինչ-որ փուլում բացվելու են և Հայաստանը դառնալու է խաչմերուկ. Տիգրան Աբրահամյան
Անկախ նրանից, թե ինչ է մեզ դեմ տալիս Ադրբեջանը, ինչպես է դա ամեն գնով պաշտպանում Թուրքիան, կոմունիկացիաները մի փուլում բացվելու են և Հայաստանը որևէ փուլում կարող է դառնալ այն խաչմերուկը, որի նկատմամբ հետաքրքրություն ունեն աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ: Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Սա, եթե որոշ երկրների համար զուտ տնտեսական նշանակություն ունի, ապա այդ աշխարհաքաղաքական կենտրոնների համար բավականին մեծ է նաև քաղաքական մրցակցության հարցը և նաև քաղաքական հակազդեցության հարցը։ Դրանով է պայմանավորված, որ մի քանի երկրներ հետաքրքրություն են դրսևորել հյուպատոսական ծառայություններ կամ դիվանագիտական ներկայացվածություն ունենալ Սյունիքում, որպեսզի յուրաքանչյուրը իր մասով կարողանա պաշտպանել իր աշխարհաքաղաքական կամ ռեգիոնալ շահերը»,–ասաց նա։