ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կոչ Ադրբեջանին՝ թույլ տալ անկախ ճանաչողական այց տարածաշրջան․ ԵԽԽՎ համազեկուցողները ներկայացրել են ՀՀ և Ադրբեջանի հետ սահման կատարած այցի արդյունքները

Կոչ Ադրբեջանին՝ թույլ տալ անկախ ճանաչողական այց տարածաշրջան․ ԵԽԽՎ համազեկուցողները ներկայացրել են ՀՀ և Ադրբեջանի հետ սահման կատարած այցի արդյունքները

Հրապարակված տեղեկատվական գրության մեջ Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը եւ Բորիանա Աբերգը իրենց եզրակացություններն են ներկայացրել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հետ փետրվարի 17-19-ը Հայաստան կատարած այցի վերաբերյալ:

Նրանց այցի նպատակն էր գնահատել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին և Լաչինի միջանցքում։ Իրենց գտնվելու ընթացքում նրանք այցելել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներ և դրանց շրջակայքը, հանդիպել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Գորիսում արգելափակված տեղի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ։

Նրանք նշել են, որ Լաչինի երթուղով երթևեկությունը «խիստ դժվարացել է», ինչն անհնար է դարձնում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների տեղափոխումը, և նշել են, որ իրավիճակը շուտով կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի: Վկայակոչելով 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարությունը՝ համազեկուցողներն Ադրբեջանին կոչ են արել իրավիճակի անկախ գնահատման հնարավորություն տալ։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին թույլ տալ անկախ ճանաչողական այց տարածաշրջան եւ թույլ տալ անկախ լրագրողներին ազատ աշխատել ամբողջ տարածքում», — նշել են նրանք։

  • Կիսվել: