ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կլաարը հայտնել է, որ ԵՄ դիտորդական խումբը կենթարկվի Բրյուսելի կենտրոնակայանին, այլ ոչ թե կողմերին

Կլաարը հայտնել է, որ ԵՄ դիտորդական խումբը կենթարկվի Բրյուսելի կենտրոնակայանին, այլ ոչ թե կողմերին

Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանի սահմաններին մշտադիտարկումը կիրականացնի հիմնականում ճանապարհային պարեկների և հսկող սարքավորումների միջոցով, և դիտորդական խումբը կենթարկվի Բրյուսելի կենտրոնակայանին, այլ ոչ թե կողմերին: Այս մասին ադրբեջանական ՛՛Թուրան՛՛-ի հետ զրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Խոսելով այն մասին, թե  արդյոք արդյունքները կարո՞ղ են օգտակար լինել, եթե մշտադիտարկումն անցկացվում է միայն հայկական կողմում՝ Կլաարն ասել է, որ նախագահ Իլհամ Ալիևը ՛՛հստակ հասկացրել է, որ Բաքուն համաձայն է այդ առաքելության հետ համագործակցել այնքանով, որքանով առնչվում է իրեն՛՛:

Կլաարը հավելել է. ՛՛Մենք ակնկալում ենք, որ ադրբեջանական կողմը կհամագործակցի առաքելության հետ՝ տեղում համապատասխան դերակատարների միջև կանոնավոր շփումների միջոցով՝ առանց ադրբեջանական կողմում առաքելության անդամների ֆիզիկական ներկայության: Հուսով ենք, որ այս առաքելությունը կծառայի նաև կողմերի միջև վստահության ձևավորմանը՛՛:

Նա նաև ասել է, որ այժմ կարևոր է վերջնականապես ՛՛շրջել թշնամության էջը, խուսափել նախկին սխալներից և դրական հռետորաբանություն ապահովել կողմերի միջև՝ հանուն խաղաղ ապագայի՛՛:

Կլաարը վստահեցրել է, որ ԵՄ-ն շարունակում է լուրջ փոխգործակցությունը երկու կողմերի հետ։

  • Կիսվել: