երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Խստորեն դատապարտում եմ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական ենթատեքստով իրականացվող իրավական գործողությունները. Մանե Թանդիլյան

Խստորեն դատապարտում եմ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական ենթատեքստով իրականացվող իրավական գործողությունները. Մանե Թանդիլյան

Խստորեն դատապարտում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական ենթատեքստով իրականացվող իրավական գործողությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Սա ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հերթական զազրելի հետապնդումն է, որը տեղի է ունենում բացառապես Նիկոլ Փաշինյանի ուղիղ հանձնարարականով։

Շոուներով և ցուցադրական գործողություններով ուղեկցվող այս գործընթացը վառ ապացույցն է, որ իրավապահ և դատական համակարգերը ծառայեցվում են քաղաքական նպատակներին, իսկ ընտրովի արդարադատությունը դարձել է իշխանության գործելաոճի անբաժանելի մասը։

Ապշեցուցիչ են անձի սեփականության և անձնական տարածքի նկատմամբ անհարգալից ու չհիմնավորված ոտնձգությունները, որոնք անգամ աղերս չեն կարող ունենալ քննչական գործողությունների հետ։ Սա օրվա իշխանությունների կամայականության և բռնատիրական գործելակերպի ցայտուն օրինակն է, որի նկատմամբ հրավիրում եմ միջազգային հանրության, հատկապես եվրոպական ղեկավարների, ուշադրությունը։

Խիստ մտահոգիչ է նաև հարուցված քրեական գործի հետ որևէ կապ չունեցող մի շարք ձեռնարկությունների գործունեության պարալիզացումը, որն անմիջականորեն անդրադառնում է հազարավոր աշխատակիցների վրա։

Աջակցությունս եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին և Փաշինյանի քմահաճույքով բանտերում ու մեկուսարաններում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է  նա:

  • Կիսվել: