երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խրոնիկ հիվանդություն չունեցող անձինք պատվաստվելու են «Աստրազենեկա»-ով, բարձր տարիքի անձանց ընտրության հնարավորություն է տրվելու․ Զեյնալյանը

Խրոնիկ հիվանդություն չունեցող անձինք պատվաստվելու են «Աստրազենեկա»-ով, բարձր տարիքի անձանց ընտրության հնարավորություն է տրվելու․ Զեյնալյանը

18-54 տարեկան անձինք, որոնք չունեն որևէ խրոնիկ հիվանդություն, պատվաստվելու են «Աստրազենեկա»-ով։ Բարձր տարիքի անձանց ընտրության հնարավորություն է տրվելու։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավորների պատվաստմանը։

«Ովքեր ունենք խրոնիկ հիվանդություն և 55 տարեկանից բարձր են, կպատվաստվեն կա՛մ ««Աստրազենեկա»-ով, կա՛մ «Սպուտնիկ V»-ով՝ ըստ իրենց ցանկության։ ԱԺ աշխատակազմից ով ցանկություն է հայտնել, նույնպես պատվաստվելու է։ Պատվաստանյութը նախընտրելով չէ, գոյություն ունի հաստատված կարգ, համաձայն որի էլ պատվաստվում են անձինք»,-ասաց նա։

Զեյնալյանը նաև տեսակետ հայտնեց, որ քանի որ այս պատվաստումը նորություն է, մարդիկ վախենում են, և նման ակցիաները նպաստում են բարձրացնել վստահությունը պատվաստումների նկատմամբ։

«Ընդհանրապես, համընդհանուր իմունիտետ ձեռք բերելու համար բնակչության առնվազն մեկ երրորդը պետք է պատվաստվի»,-հավելեց նա։

Զեյնալյանի խոսքով՝ բոլոր պատվաստանյութերը, որ մինչ օրս ստեղծվել են և կիրառվում են, անցել են բոլոր անվտանգային ընթացակարգերը, և բոլորն էլ ցուցված են պատվաստման։

«Բնականաբար, բոլոր դեղերը, նաև՝ պատվաստանյութերը ունեն որոշակի ռիսկեր, բոլոր դեղերն ունեն կողմնակի ազդեցություններ, դեղերի ռիսկայնությունը շատ ավելի մեծ է, քան պատվաստանյութերինը, բայց երբևէ դրանից չենք խոսում»,-ասաց նա, ապա անդրադարձավ դիտարկմանը, թե շարունակվում են դեպքերը, երբ «Աստրազենեկա»-ով պատվաստվելուց հետո թրոմբոզ է առաջանում․

«Շահարկվող պատվաստանյութով 1 միլիոն պատվաստումից գրանցվել է ընդամենը 4 դեպք, ինչը բավականաչափ ցածր ռիսկայնություն է»,-նշեց նա։

  • Կիսվել: