Խնդիրն արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից. Վարչապետ
Մարդիկ շարունակում են համատարած չպահպանել հակահամաճարակային կանոնները: Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ամենաբացահայտը դիմակի կրումն է: Ես սկսել եմ մտածել, որ այստեղ խնդիրն արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից: Այս պրոբլեմը, հանրային վարքագիծը փորձենք հասկանալ այլ տեսակետից ու այլ տրամաբանությամբ:
Այսօր ես փողոցում տեսնում էի քայլող մարդկանց ու այնպիսի զգացողություն էր, որ այդ մարդիկ քայլում են դեպի վերակենդանացման բաժանմունք: Ուզում էի իջնեի ու հարցնեի՝ հարգելիս ո՞ւր ես գնում, կանգ առեք ժողովուրդ ջան: Սենց մենք գնում ենք դեպի շատ շատ վատ տեղ»,-ասաց նա:
«Ես մտածում եմ, որ սա արդեն կորոնավիրուսի հետ կապված հարց չէ, այլ այս խնդիրը պետք է հասկանանք հոգեբանական, գուցե ազգային հոգեբանական շերտերի մեջ:
Ես եկել եմ հետևության, գուցե սխալվեմ, ուրախ կլինեմ, եթե դուք հերքեք, որ այս ամենը մեր հավաքական վերաբերմունքն է մեր պետական կարգի նկատմամբ:
Էլի պետք է արձանագրեմ, որ մենք ավելի քան 500 տարի ու գումարած ավելի շատ պետականություն չենք ունեցել, պետական կարգը մեզ համար միշտ օտար է եղել: Մենք չենք ունեցել պետական կարգ դարեր շարունակ: Մենք չենք ունեցել պետական կարգ, որը մեզ հարազատ կհամարեինք: Այն դարեր շարունակ եղել է օտար բան՝ Պարսկական, Օսմանյան, ռուսական կայսրություն, Սովետական Միություն:
Պարզ է՝ դրանց նկատմամբ ունեցել ենք տարբեր վերաբերմունք, եղել է վատ ու լավ վերաբերմունք: Բայց մեծ հաշվով պետական կարգը երկար տարիներ եղել է օտար ու ուրիշի կողմից պարտադրված ինչ-որ բան, դրա համար այն մեր գիտակցության մեջ ասոցացվել է բռնության հետ»,-հավելեց նա:
Փաշինյանի խոսքերով, երկար տարիներ պետական կարգը համարվել է ազատությունից զրկող գործիք։


