շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, իսկ մյուս ճանապարհների հետ կապված հարցը ԼՂ-ի որոշելիքն է․ Խանդանյան

Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, իսկ մյուս ճանապարհների հետ կապված հարցը ԼՂ-ի որոշելիքն է․ Խանդանյան

Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ Լաչինի միջանցքը համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության եւ միջազգային դատարանի որոշման, պետք է անհապաղ երկկողմանի բացվի բոլոր տեսակի փոխադրումների համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Անկախ այն հանգամանքից, թե ինչ ճանապարհներ կգործարկվեն, երբ եւ ինչ ձեւաչափով, մեր դիրքորոշումը եւ պահանջը մնում է այն, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի»,-ասաց նա:

«Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, իսկ մյուս ճանապարհների հետ կապված չէի ցանկանա մեկնաբանություն տալ, որովհետև դա Լեռնային Ղարաբաղի իշխանությունների և ժողովրդի որոշելիքն է։  Չեմ կարծում, որ Հայաստանն այստեղ պետք է միջամտի»,-ասաց Խանդանյանը՝ խոսելով Աղդամի ճանապարհը Լաչինի միջանցքին զուգահեռ գործարկելու մասին խոսակցություններին։

Սեպտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղում թույլ են տվել Ռուսաստանի Դաշնության հումանիտար բեռը մուտք գործի Աղդամ-Ասկերան ճանապարհով՝ պայմանով, որ կբացվի նաև Լաչինի միջանցքը։ Լրագրողի հարցին, թե ՞ինչ տեղեկություններ կան այդ մասով, արդյոք բանակցություններ ընթանում են Լաչինի միջանցքի բացման հարցով, Խանդանյանը պատասխանեց, որ այդ մասով տեղեկության չի տիրապետում։

«Արցախից տեղեկություն ենք ստանում շարունակվող հումանիտար ճգնաժամի մասին, վատթարացող հումանիտար իրավիճակի մասին, այդ տեղեկությունը փոխանցում ենք մեր միջազգային գործընկերներին։ Իսկ ինչ վերաբերվում է, թե արդյոք շփումներ և բանակցություններ կան, ես ինքս չեմ տիրապետում տեղեկատվության»,- եզրափակեց Խանդանյանը։

  • Կիսվել: