ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Խաղաղության պայմանագրի սկզբունքային հարցերը դեռ համաձայնեցված չեն. Վահան Կոստանյան

Խաղաղության պայմանագրի սկզբունքային հարցերը դեռ համաձայնեցված չեն. Վահան Կոստանյան

Խաղաղության պայմանագրի սկզբունքային հարցերը դեռ համաձայնեցված չեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի կողմից ստացվել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական տարբերակը:

Երեկ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի ադրբեջանական տարբերակը՝ նշելով՝ հետընթացը, որի մասին բարձրաձայնել էին, պահպանվում է։ Չնայած դրանք, ըստ Գրիգորյանի, սկզբունքային հարցերին են վերաբերում, բայց աշխատելու հնարավորություն կա։

Հարցին՝ ինչն է խանգարում բանակցությունների հաջող ընթացքին, Կոստանյանը պատասխանեց. «Ես չեմ կարող գնահատական տալ, թե ինչն է Ադրբեջանին խանգարում, կարող եմ վերահաստատել, որ հայկական կողմը շահագրգռված է եւ շարունակում է պատրաստակամ մնալ, կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ:

Փաստը, որ հանդիպումը տեղի ունեցավ Մյունխենում, կարելի է դրական համարել, բայց մեզ անհրաժեշտ է հանդիպումներից եւ քննարկումներից ի վերջո, անցնել ավելի պրակտիկ գործողությունների, եւ այն պայմանավորվածությունները, որ վերջին 2-3 տարիների ընթացքում ձեռք են բերվել, մասնավորապես, երեք սկզբունքների շուրջ, ի վերջո, փաստաթղթային արձանագրում տալ դրան»:

Նա նկատեց, որ մի քանի անգամ ձեռք է բերվել պայմանավորվածություն ուժի չկիրառման մասին, բայց ցավալիորեն դրանք խախտվել են Ադրբեջանի կողմից:

Ինչ վերաբերում է նրան, որ բանակցությունների համար նախընտրելի է համարվել արեւմտյան հարթակը, ԱԳ փոխնախարարն ասաց. «Արեւմտյան հարթակ» տերմինն ինձ համար մի քիչ անհասկանալի է, այս պահին ընթանում են քննարկումներ ժամկետների ու վայրի մասին: Երբ կլինի վերջնական պայմանավորվածություն, բնականաբար տեղյակ կպահենք հանրությանը»:

Մինչև հիմա հետընթացի մասին խոսել են թե՛ ԱԽ քարտուղարը, թե՛ արտգործնախարարը, բայց չեն բացահայտել՝ Բաքվի որ առաջարկներն են Երևանի համար խնդրահարույց։

  • Կիսվել: