չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում չկա սահմանադրությունների մասին կարգավորում. Միրզոյան

Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում չկա սահմանադրությունների մասին կարգավորում. Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստում չկա որևէ միակողմանի կարգավորում, չկա նաև երկու երկրների սահմանադրությունների մասին կարգավորում:

ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում այս մասին վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: 

«Լսեցին ադրբեջանական կողմից մեկնաբանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մասին: Այս մասին, իհարկե, բնականաբար համաձայնագրի համաձայնեցված տեքստում կրկին ոչինչ չկա: Ընդհանրապես, համաձայնագրի տեքստում որևէ միակողմանի կարգավորում չկա: Չկա նաև սահմանադրությունների մասին կարգավորում»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը հիշեցրեց՝ հայկական կողմը ևս մտահոգություններ ունի Ադրբեջանի Սահմանադրության մասին: Հայտնի է, որ Հայաստանն այնտեղ տեսնում է որոշակի նկրտումներ՝ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ: 

«Բայց նաև հայտնի է, որ մենք կարծում ենք, որ համաձայնագրի տեքստում ունենք որոշակի դրույթներ, որոնք փարատում են: Եթե նույնիսկ տեսականորեն իսկապես սահմանադրություններում կարող են լինել այդպիսի պահանջներ, ապա մենք համաձայնագրի տեքստի ստորագրմամբ և վավերացմամբ մեկընդմիշտ այդ հարցերը կարող ենք համարել փակված»,-ասաց ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ համաձայնագրի վավերացումը պետք է անցնի Հայաստանի Սահմանադրական դատարանով: 

 

  • Կիսվել: