Կարճ ժամանակ անց, Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց, որ ՊՆ մտնենք․ Սանասարյանը՝ Դավիթ Տոնոյանի գործի վերաբերյալ
Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանն արձագանքել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հարցադրմանը՝ 2018 թ մայիսից հետո ինչո՞ւ հրահանգ չի տրվել վարչապետի կողմից պետական վերահսկողության ծառայությանը, երբ այն ղեկավարում էր Դավիթ Սանասարյանը, ստուգումներ իրականացնել ՊՆ-ում։
«Ի վերջո ՊՆ-ում կոռուցպիոն ռիսկերի ու դրսևորումների մասին տարիներ շարունակ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր նյութեր են հրապարակվել»։
Դավիթ Սանասարյանն արձագանքել է, մասնավորապես, նշելով․
«ՊՎԾ պետ նշանակվելուց հետո առաջին պայմանավորվածությունը, որ եղել է Փաշինյանի հետ, Պաշտպանության նախարարությունում մեծ թափով ուսումնասիրություն անելուն է վերաբերվել, որի մասին հրապարակային խոսել եմ. տեսանյութերը շատ են համացանցում։ Կարճ ժամանակ անց, Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց, որ ՊՆ մտնենք»:
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ-ն, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ-ն: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:


