Կառավարությունը նախատեսում է անցում կատարել արհեստավարժ բանակի, մեծացնել կանանց ներգրավվածությունը Զինված ուժերում
Վաղը Կառավարության հերթական նիստում կքննարկվի ՀՀ կառավարության հնգամյա ծրագրին հավանություն տալու հարցը։
Զինված ուժերի վերաբերյալ կառավարության մոտեցումը ծրագրում ներկայացված է հետևյալ կերպ․
«Զինված ուժերը արտաքին անվտանգության ապահովման պահեստային գործիք են այն դեպքերի համար, երբ արտաքին անվտանգության ապահովման՝ վերը թվարկված և դրան կիրառելուն ուղղված քաղաքական, դիվանագիտական միջոցները չեն գործել։ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս չպետք է կիրառվեն (բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա միջազգային խաղաղապահ առաքելություններում ներգրավման) և պետք է ծառայեն բացառապես Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության խնդիրներին։
Ըստ այդմ՝ Կառավարությունը ապահովելու է Զինված ուժերի տեխնոլոգիական, կարողությունների ու մշակութային կերպափոխումը և շարունակական անցումը արհեստավարժ բանակի՝ բարձրացնելով երկրի պաշտպանունակության մակարդակը՝ ընդլայնելով և դիվերսիֆիկացնելով ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը: Զինված ուժերի սպառազինությամբ համալրվածությունը և նյութատեխնիկական հագեցվածությունը աճելու են, այդ թվում՝ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի կարողությունների զարգացման միջոցով: Այս ուղղությամբ ապահովվելու են հետևյալ բարեփոխումները
Իրականացվելու է շարունակական անցում արհեստավարժ բանակի՝ պայմանագրային (պրոֆեսիոնալ) զինծառայողների ներգրավման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմամբ, այդ թվում՝ զինվորական ծառայության կրթական, մարտական պատրաստության, վարձատրության, կարիերայի, առաջխաղացման, մարդկային ռեսուրսների ներգրավման և կառավարման, պահեստազորի, բարոյահոգեբանական ապահովման, սոցիալական երաշխիքների նոր համակարգերի ներդրմամբ: Հատուկ ուշադրություն է դարձվելու Զինված ուժերում կանանց ներգրավվածությանը:
Իրականացվելու է Զինված ուժերի կարողությունների զարգացում, Զինված ուժերի ղեկավարման և կառավարման համակարգի պատրաստության, սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, մարդկային, նյութատեխնիկական և ապահովման միջոցներով համալրվածության ապահովում, պլանավորման և այլ համակարգերի կատարելագործում, որի արդյունքում ունենալու ենք Զինված ուժերի նպատակների, խնդիրների և հնարավորությունների համապատասխանեցում:
Իրականացվելու է Զինված ուժերի և դրանց կառավարման համակարգի թվային վերափոխում, այդ թվում՝ հրամանատարության և կառավարման գործընթացների թվայնացում, նախազորակոչային հաշվառման, զորակոչի իրականացման, պահեստազորայինների՝ վարժական հավաքներին ներգրավման, զորահավաքային նախապատրաստության և մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրում: Համակարգը ներառելու է նաև բժշկական հետազոտությունների կազմակերպման և դրանց արդյունքների հաշվառման գործընթացները:
Ներդրվելու է կանոնավոր ուժերի համալրման, մշտական մարտական պատրաստության օպերատիվ, մասնագիտական և ռազմավարական պահեստազորի նոր համակարգ:
Ռազմաուսումնական հաստատությունները համապատասխանեցվելու են արևմտյան առաջավոր երկրների չափորոշիչներին, ստեղծվելու են գերազանցության կենտրոններ, ձևավորվելու է պաշտպանության ոլորտում ամբողջական անկախ ազգային ռազմակրթական համակարգ:
Փուլային կերպով լուծվելու են օրենսդրությամբ սահմանված կարգով բնակարանային հաշվառման ընդգրկված պայմանագրային զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց, ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների և ֆունկցիոնալության խոր, ծանր կամ միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների բնակարանային խնդիրները:
Կատարելագործվելու է տեղական արտադրողներից Զինված ուժերի ապագա կարիքներին համահունչ երկարաժամկետ պաշտպանական գնումների համակարգը, տեղայնացվելու է օտարերկրյա գործընկերների հետ համատեղ զինամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրությունը, ինչպես նաև Զինված ուժերում ստեղծվելու են առկա ռազմական տեխնիկայի նմուշների սպասարկման, նորոգման և արդիականացման համար հնարավորություններ:



