երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Կառավարությունը հաստատեց 2020 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը

Կառավարությունը հաստատեց 2020 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը

ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց 2020 թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Այն նախատեսված կարգով կուղարկվի խորհրդարան:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց՝ 2020 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,560,655,340.8 հազար դրամ, ծախսերը` 1,894,647,093.4 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 333,991,752.6 հազար դրամ:

«2019 թվականին կուտակված դիմադրողական պաշարը մեզ թույլ տվեց 2020 թվականի ոչ այնքան պարզ տարվա ընթացքում, ամբողջ աշխարհը ցնցած համավարակի, տարածաշրջանի ու մեր երկրի պատերազմի գործոնով պայմանավորված ցնցումներին դիմակայել՝ արդյունքում ունենալով արձանագրում կայուն վիճակի, մակրոտնտեսական ցուցանիշների և հարկաբյուջետային կայունության»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ գնահատականը, որն իրենք ամփոփել են հաշվետվությունում, միայն իրենց գնահատականը չէ, այդպիսի գնահատականի արտահայտություններ բազմաթիվ են եղել, օրինակ՝ միջազգային ֆինանսական շուկաներում գործող ինստիտուցիոնալ ներդրողների դիրքորոշումն էլ արտահայտվել է 2021-ին եվրապարտատոմսերի նկատմամբ արտահայտված վերաբերմունքում:

Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2019-ի վերջին կազմում էր 50 տոկոսից ցածր, ինչը գործող հարկաբյուջետային կանոնների տրամաբանությամբ մի շեմ է, որի համար կիրառվում են որոշակի կանոններ, ինչը հնարավորություն տվեց նոր պարտք ներգրավելով պահել հարկաբյուջետային քաղաքականության տրամաբանությունը ճգնաժամի ժամանակահատվածի համար:

«Արդյունքում մենք իհարկե ունեցանք շատ ավելի մեծ դիֆիցիտ, քան ի սկզբանե ծրագրված էր: Սկզբից մենք ունեինք բյուջեով 2.3 տոկոս ՀՆԱ սպասվող դիֆիցիտի մեծություն կամ մոտավորապես 161 միլիարդ դրամ: Փաստացի մենք ունեցանք 304 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 5.5 տոկոսը: Սա այն գինն է, որը վճարվել է, որպեսզի մենք կարողանանք մեղմել տնտեսական անկման ազդեցությունը, ինչը պայմանավորված էր երկու հիմնական գործոններով: Կառավարության պարք-ՀՆԱ մակարդակը 2020 թվականի արդյունքով կազմել է 63.5 տոկոս, ինչը նույն հարկաբյուջետային կանոնների տրամաբանությամբ գերազանցում է 60 տոկոսի շեմը: Դա պարտավորեցնում է Կառավարությանը ներկայացնել հարկաբյուջետային այնպիսի քաղաքականության նախագծում, որ 5 տարվա ընթացքում վերադառնանք 60 տոկոսից ցածր շեմին: Սա այն շեմն է, որն ամբողջ աշխարհում գնահատվում է ռիսկի տեսակետից համեմատաբար կառավարելի»,- նշեց նախարարը:

  • Կիսվել: