երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կառավարությունը 250 մլն դոլարով ավելի պարտք է ներգրավում այս տարի, քան նախատեսված էր

Կառավարությունը 250 մլն դոլարով ավելի պարտք է ներգրավում այս տարի, քան նախատեսված էր

Կառավարությունը 250 մլն դոլարով ավելի պարտք է ներգրավում այս տարի, քան ի սկզբանե բյուջեով նախատեսված ծրագիրն էր։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

«Երբ մենք դատողություն ենք անում պետական պարտքի մասին՝ այն նվազել է, թե աճել, շատ կարևոր է այդ փոփոխությունների բովանդակությանն անդրադառնալ, որովետև առաջին հայացքից բացարձակ թվով աճն ընկալվում է որպես բացասական երևույթ»,- ասաց նախարարը։

Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել, որ պետական պարտքի վարքագիծը հետևանք է հարկաբյուջետային քաղաքականության և պետական բյուջեի։ «Այլ կերպ ասած՝ երկիրը, որն ունի դեֆիցիտ իր պետական բյուջեում, չի կարող մտածել անվանական արտահայտությամբ կամ բացարձակ թվով պարտքի նվազման մասին, որովհետև որևէ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորվում է ներգրավվող փոխառու միջոցների ճանապարհով»,- նշեց Ջանջուղազյանը։

Նախարարի խոսքով՝ միակ դեպքը, երբ կարող է բացարձակ թվով պարտքի նվազման հարց քննարկվել, այն է, երբ նպատակադրում արվի բյուջեի դեֆիցիտը հասցնել զրոյի։ «Բայց մենք այդպիսի քաղաքականություն չենք ունեցել, չունենք և մեծ հավանականությամբ չենք ունենա, որովհետև դա զարգացմանը նպաստող քաղաքականություն չի կարող համարվել։ Հետևաբար, քանի դեռ մենք ունենք պետական բյուջեի դեֆիցիտ, անխուսափելի է պետական պարտքի բացարձակ մեծության աճը»,- հավելեց նա։

Նախարարը նշեց, որ բացարձակ մեծությունից բացի, հաշվի են առնվում նաև հարաբերական ցուցանիշները։ Համախառն ցուցանիշը, որն օգտագործվում է պարտքի բեռի գնահատման համար, դա պետական պարտք-ՀՆԱ  հարաբերակցությունն է։ Այս դեպքում բացահայտվում է, թե ինչ չափի բեռ է հանդիսանում պետական պարտքը տվյալ տնտեսության համար։

Ըստ Ջանջուղազյանի՝ մինչև 2019 թվականը Հայաստանը հիմնականում գնահատվել է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր։ «Բայց սա ամենևին չի նշանակում, որ պետք է մտնել բազմաթիվ ռիսկերի տակ ու էապես մեծացնել պարտքը, որովհետև նույն ներդրողը գնահատում է, թե որքանով է վճարունակ երկիրը և որքանով է բավարար տվյալ երկրի իրացվելիության կարողությունը տվյալ երկիրը՝ այդ պարտքը սպասարկել հենց այդ պայմաններով»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով այս տարվա պետական պարտքին՝ նա նշեց. «Ենթադրվում է Կառավարության պարտքը կմոտենա 8.5 մլրդի, իսկ պետական պարտքը, որն այս դեպքում մոտավորապես 400-500 մլնի միջակայքում է, Կենտոնական բանկի պարտքը կմոտեցնի 8.9 մլրդ դոլարի:

Հարցին, ո՞րն է պետական պարտքի ամենաբարձր շեմը, այն կարո՞ղ է մոտենալ 90 տոկոսի, Ջանջուղազյանն ասաց, որ զարգացող երկրների համար 70-ից բարձր պարտք – ՀՆԱ հարաբերակցությունը, երբ հստակ չէ հետ վերադարձի սցենարը, համարվում է միջին ռիսկայնություն ունեցող. «Մենք պետք է հիմա բոլորով դիտարկենք այն սցենարները, որոնք թույլ կտան պարտքը վերադարձնել կառավարելի միջակայքը: Պետք է ջանք գործարկենք, որ վերառանանք այս շեմին: Մենք պետք է մտածենք, ոչ թե պարտքը նվազեցնելու, այլ ՀՆԱ-ի աճելու մասին»:

Անդրադառնալով կառավարության կողմից 750 մլն դոլարի եվրաբոնդեր թողարկելուն, Ջանջուղազյանը նշեց, որ խոսքը վերաբերում է 10 տարի ժամկետով ՀՀ-ին տրամադրված պարտքին, որի թողարկման եկամտաբերությունը 3,875 տոկոս է։ «Մենք ունենք հետևյալ պատկերը՝ 3,875 տոկոս թողարկման եկամտաբերություն և 3,6 տոկոս արժեկտրոնային եկամտաբերություն։ Ունենք նաև վարկերի ստացման ծրագիր, ինչպես նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար՝ Համաշխարհային բանկ, Ասիական զարգացման բանկ և մեր մյուս գործընկերներ, այնպես էլ բյուջետային աջակցության նպատակով մոտավորապես 50 մլրդ դրամի վարկ։ Եվ շուկայի նպաստավոր պայմանները հաշվի առնելով՝ նպատակահարմար է համարվել 250 մլն դոլարով ավելի ներգրավել, քան ի սկզբանե բյուջեով նախատեսված ծրագիրն էր։ Եվ կառավարության այսօրվա որոշմամբ առաջարկվում է 250 մլն դոլարին համարժեք գումարը հաշվառել կայունացման դեպոզիտային հաշվին՝ որպես ֆինանսական բարձիկ՝ ըստ անհրաժեշտության հետագայում տարվա ընթացքում ծագող խնդիրների նպատակով օգտագործելու համար»,- ասաց նա։

  • Կիսվել: