Կառավարությունն առաջինը պիտի հրաժարվի կոռուպցիայից. վարչապետ
«Ցավոք սրտի, ժամանակի ընթացքում շատ քաղաքացիներ նույնպես ներգրավված են եղել կոռուպցիոն գործընթացների մեջ, և պետք է հասկանանք, որ կոռուպցիայի դեմ պայքարը միայն կառավարության կամ իրավապահ մարմինների խնդիրը չէ, այլ նաև քաղաքացիների խնդիրն է»,-այս մասին այսօր Միլանի Հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց, որ եթե կառավարությունն ու ժողովուրդը նույն տրամաբանությամբ գործեն, այդ դեպքում հնարավոր կլինի երկիրը դուրս բերել ճգնաժամից:
Փաշինյանը հավելեց. «Հեղափոխությունից մինչև այսօր այդպես էլ կա, և ես համոզված եմ, որ այդպես էլ կշարունակվի: Ամենակարևորը՝ այսօր ՀՀ-ում նորոգված է մարդկանց հավատը սեփական ուժերի և սեփական երկրի ապագայի նկատմամբ»:
Վարչապետն ասաց, որ ամենակարևոր մտածողության փոփոխությունը, որ ուզում են անել, այն է, որ ՀՀ քաղաքացիներին ցույց տան, որ պետությանը հարկեր վճարելով՝ նրանք ներդրում են անում իրենց ապագայի մեջ, որովհետև դրանով կառուցվում են ճանապարհներ, դպրոցներ, նորոգվում են մանկապարտեզներ, ջրագծեր և այլն:
Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց. «Մտածողության այս փոփոխության համար առաջին քայլը կառավարությանն է, որ ինքը պետք է հրաժարվի կոռուպցիայից, այսինքն` այդ միջոցները թալանելուց, և պետք է քաղաքացիներին համոզի, որ ի վիճակի է արդյունավետ ծախսեր անելու, և մենք գնում ենք այդ ճանապարհով»: