Կամ դուք ստանում եք ահաբեկիչներին հրապարակայնորեն աջակցող պետության կարգավիճակ, կամ պաշտպանում եք ազնիվ հարաբերություններ ՌԴ-ի հետ․ Կադիրովը դիմել է Էրդողանին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը թուրքական իշխանություններին մեղադրել է Ռուսաստանում հանցագործություն կատարած ահաբեկիչներին աջակցելու մեջ և կոչ է արել ՌԴ ԱԳՆ-ին դիվանագիտական միջոցներ ձեռնարկել այս երկրի դեմ, հայտնում է Ria.ru-ն։
«Ահաբեկիչներն այնքան հանգիստ են իրենց զգում Թուրքիայում, որ իրենց ցինիկ, արհամարհական և սադրիչ հակառուսական ելույթներում անհարմար չեն զգում անպաշտպան կանանց նկատմամբ գռեհկությամբ։ Չեչնիայի Հանրապետության խորհրդարանի, իրավապահ մարմինների և հոգևորականների ներկայացուցիչները դիմել են ինձ՝ խնդրանքով արձագանքել թուրքական իշխանությունների գործողություններին, որոնք կոծկում են Ռուսաստանում հանցագործություն կատարած ահաբեկիչներին, իսկ հետո համացանցում ամբողջությամբ ցեխ շպրտում երկրի ու հանրապետության ողջ ղեկավարության վրա»,- իր թելեգրամյան ալիքում գրել է Կադիրովը։
Նա նաև դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին․
«Կամ դուք ստանում եք ահաբեկիչներին հրապարակայնորեն աջակցող պետության կարգավիճակ, կամ պաշտպանում եք թափանցիկ և ազնիվ հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ՝ չփոխելով ձեր համոզմունքները նրա թիկունքում»։
Նա նաև կոչ է արել ՌԴ ԱԳՆ-ին կանխարգելիչ դիվանագիտական միջոցներ ձեռնարկել թուրքական իշխանությունների դեմ, «քանի որ թուրքական իշխանությունների գործողություններն ուղղակի սպառնալիք են դարեր շարունակ զարգացող ռուս-թուրքական հարաբերությունների համար»։