Կալանքի էլ հնարավոր է տանեն Գագիկ Ծառուկյանին, այս քայլերը բացարձակ անակնկալ չէին. պաշտպան
Հնարավոր է, որ կալանքի էլ տանեն Գագիկ Ծառուկյանին, այս քայլերը բացարձակ անակնկալ չէին։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 6–ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Առանց հոդվածների նայելու էլ, այն հռետորաբանությունը, որ կա մինչև այս, բոլորս էլ կարծում եմ՝ կանխատեսում էինք, որ նման գործողություններ են ձեռնարկելու, և սա բացարձակ անակնկալ չէր։ Առանց հոդվածների ամեն ինչ պարզ է, հա, իսկ հոդվածների մասով միշտ հնարավոր է ինչ-որ բան ստեղծագործել, իսկ վերջին շրջանում այդ ստեղծագործությունը շատ պարբերաբար բնույթ է կրում։
Հիմա ավելի բովանդակային, երբ որ ծանոթանանք, կանդրադառնանք, բայց ամեն ինչ հնարավոր է, որովհետև գործողությունների շարքը ավելի շատ նման ինչ-որ կանխատեսումներ տեղիք են տալիս»,–ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է կալանավորեն Ծառուկյանին, փաստաբանը կարճ պատասխանեց. «Գուցե, տեսնենք»։
Նա տեխնիկական համարեց այն, որ մինչև հիմա իրենց թույլ չեն տվել ներս մտնել. «Հիմա սպասում ենք, որ քննիչը երևի տեղակացվի, Ընդամենը տեխնիկական է, կարծում եմ, պետք է այստեղից քննիչին զգուշացնեն, որովհետև գործողության պատասխանատուն քննիչն է, քննիչը պետք է թույլ տա կամ չտա։ Հիմա երևի վերևից կասի դրա մասին, որ բարձրանանք։ Չեմ կարծում, որ նման խախտում անեն, ասեն, թե չեն տալիս»։



