«Կախված է նրանից, որը կբխի մեր պետության շահերից». Ծովինար Վարդանյանը՝ Մինսկի խումբը լուծարելու հնարավորության մասին
Ես կարծում եմ, որ մեր կամայական որոշում ըստ իրավիճակի և ըստ պետության շահի է որոշումը կայացվում, հետևաբար այս պահին որեւէ հստակություն չկա։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանը համաձայնի Մինսկի խմբի լուծարմանը, քանի որ նախկինում իշխանությունը մշտապես ասել է, որ դա անելու է խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո:
«Այստեղ շատ կարևոր է տեսանկյունը, մենք ինչպես ենք նայում խաղաղության կառուցման գործընթացին, որևէ նախապայման կամ ոչ նախապայման դիտարկելիս: Մենք ելնում ենք Հայաստանի Հանրապետության պետական շահից:
Ամեն ինչ կյանքում դիտարկել հնարավոր է, կախված է նրանից, որը կբխի մեր պետության շահերից»,-ասաց նա:
Վարդանյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, խաղաղության կառուցման գործընթացի մասով ինքը մի փոքրիկ մեկնաբանություն ունի. «Վերջերս վարչապետը մի գրառում էր կատարել՝ նշելով, որ խաղաղությունը չի լինում ոչ պարտադրված, ոչ մուրալով, և այն կառուցում են։ Ես կարծում եմ՝ բոլոր պետությունները իրենց արտաքին քաղաքակականությունը վարելիս և այն, որ իրենք հանձնառու են պահպանել միջազգային իրավունքը և այլն, հենց այդ խաղաղության ամենօրյա կառուցման, պահպանման գործընթացի մեջ են»:
ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ չունի տեղեկություն, թե արդյոք այդպիսի դիմում Հայաստանն արդեն ներկայացրել է կամ պատրաստվում է ներկայացնել:
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի լուծարելու Մինսկի խումբը, որովհետև այդ խումբը չի ձևավորվել հայ-ադրբեջանական խնդիրները սպասարկելու համար, այլ ձեւավորվել է Արցախյան խնդրի համար, իսկ Արցախյան հակամարտությունը լուծված չէ, Ծովինար Վարդանյանն ասաց. «ՀՀ վարչապետի առաջնային խնդիրներից մեկը ՀՀ անվտանգության պահպանումն է: Հետևաբար ՀՀ պետական շահը սպասարկելիս, վարչապետը գործում է իր լիազորությունների սահմաններում։
Ես չեմ կարող ասել, այս պահին Մինսկի խումբը գործո՞ւմ է: Հիմա ես ավելի շատ պետք է ելնեմ այն տեսանկյունից, ինչ իրադարձություններ կարող են ի հայտ գալ, ինչ իրավիճակներ կարող են ի հայտ գալ, և որը կլինի այդ տվյալ իրավիճակում և իրադարձության պարագայում Հայաստանի շահը:
Հայաստանը այս պահին բանակցություններ է վարում, որպեսզի իր խաղաղության գործընթացը ավարտին հասցնի և հնարավորություն ստեղծվի խաղաղություն վերջապես հաստատել տարածաշրջանում: Մեր բոլոր գործողությունները ուղղված են լինելու այս ուղղությամբ»,- ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը:
Նա չկարողացավ պատասխանել հարցին, թե արդյոք Մինսկի խմբի լուծարումն այս պահին բխում է Հայաստանի շահերից. «Կամայական հարց նայելուց պետք է ամբողջական նայել։ Դիտարկումը հնարավոր է, մնացած մասով չեմ կարող ասել»: