Կա անհրաժեշտություն որոշ աշխատակիցներին լրացուցիչ վարձատրության մասով․ նախարար Մեսրոպ Առաքելյան
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, խոսելով պարգևավճարների մասին և պատասխանելով հարցին՝ պետք է արդյո՞ք վերանայում լինի, թե ամեն դեպքում նշված գումարը պետք է բաժանվի պարգևավճարի տեսքով, հայտարարել է, որ հարցը կարելի է երկու մասի բաժանել.
«Մեր նախարարության մասով կարող եմ ասել, որ բազմաթիվ աշխատակիցներ ստանում են բավականին ցածր աշխատավարձ և պարգևավճարներն այս պարագայում կարելի է դիտարկել ոչ թե որպես պարգևավճար, այլ վարձատրության որոշակի հատված:
Այդ մասով ես կարծում եմ, որ կա անհրաժեշտություն որոշ աշխատակիցներին լրացուցիչ վարձատրության մասով:
Ինչ վերաբերում է անձամբ ինձ ու նախարարության ղեկավար կազմին, ապա իմ նշանակումից հետո ոչ ես, ոչ էլ փոխնախարարներն ու ղեկավար կազմը պարգևավճարներ չենք ստանում ու առաջիկայում չենք էլ ստանալու»: