չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իշխանությունը վտանգ է տեսնում «Բարգավաճ Հայաստանի» գործողությունների մեջ` դրանով է պայմանավորված իշխող ուժի կոշտ արձագանքը ԲՀԿ-ի քայլերին. Քաղաքագետ

Իշխանությունը վտանգ է տեսնում «Բարգավաճ Հայաստանի» գործողությունների մեջ` դրանով է պայմանավորված իշխող ուժի կոշտ արձագանքը ԲՀԿ-ի քայլերին. Քաղաքագետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կառավարող ուժի կողմից ընկալվում է, որպես   հակաժողովրդավարական խմբավորումների ներկայացուցիչ, և իշխանության քայլերը բխում են հենց այդ տրամաբանությունից: Այդ մասին InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ արձագանքելով «Բարգավաճ Հայաստան»-«Իմ քայլը» հակամարտությանը։

Նրա խոսքով, ԲՀԿ-ն այս օրերին որդեգրել է  ծայրահեղ աջ պոպուլիստական հռետորաբանություն, որի նպատակն է շահարկել մարդկանց էմոցիաները, հայրենասիրական նկրտումները և ներկայանալ որպես ազգային արժեքների պայքարող ու դրա համար հալածանքի ենթարկվող։

«Այդպիսի հռետորաբանությունը և ներկայացված հայտը, բնականաբար, անընդունելի է իշխանությունների համար։ Փաստացի կառավարող ուժը, հավանաբար, որոշակի վտանգ է տեսնում այդ ամենից և մտածում է, որ պետք է կոշտ արձագանքի նման հռետորաբանությանը։ Արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենում ենք», -նշեց քաղաքագետը։

Կառավարող ուժի նման վարքագիծը, սակայն, ըստ Վարդանյանի, անհասկանալի է քաղհասարակության համար, ինչի հետևանքով կառավարություն-քաղհասարակություն անջրպետ է ստեղծվում։

 «Հիմա ԲՀԿ և մի շարք այլ ուժեր փորձում են քաղհալածյալի և ազգային արժեքների համար պայքարողի կերպար ձևավորելով հարվածել կառավարությանը, իշխող ուժին», - նշեց Վարդանյանը։

Քաղաքագետի պնդմամբ, «Բարգավաճ Հայաստանի» նման ակտիվությունը իհարկե անարձագանք չի մնում կառավարող ուժի կողմից, սակայն շատ կարևոր են հնչեցված արձագանքի ձևը, բովանդակությունը, շեշտադրումները։

«Այդ ուժերը մշտապես ամեն ինչ անում են, որ տեղեկատվական դաշտում պահպանեն առաջնային դիրքեր՝ իրենց մասին միշտ գրեն, խոսեն, իրենք լինեն հիմնական թեման, իրենք ստեղծեն ինֆորմացիոն առիթներ։ Բնականաբար, երբ կառավարող ուժը նման կերպ է պատասխանում, ինչպես պատասխանել է վարչապետը, դա ինչ-որ տեղ նպաստում է, որ նրանք ինֆորմացիոն դաշտում պահպանեն իրենց առաջատար դիրքերը։ Խնդիրը սա է», - նշեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան»-«Իմ քայլը» հակամարտությունը սկսել էր օրերես, երբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հարցապնդման քննարկման ժամանակ նախարարը Գագիկ Ծառուկյանին ակնարկելով հայտարարել էր, թե եկեղեցու բակում բռնաբարություն կատարածները մեղադրում են կառավարությանը ազգային արժեքները չպահպանելու համար

Ծառուկյանը ժամանակին մեղադրվել է բռնաբարության մեջ և տարիներ անց արդարացվել, և ԲՀԿ-ականները ակնհայտ համարեցին նախարարի ակնարկները։ Այս թեման շարունակել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․«Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն»:

Վարչապետի գրառմանը հաջորդել էր Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

  • Կիսվել: