կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Իշխանությունները պարտավոր են օր առաջ հստակ, առանց աճպարարության հայտարարել իրենց պաշտոնական դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ. Սաղաթելյան

Իշխանությունները պարտավոր են օր առաջ հստակ, առանց աճպարարության հայտարարել իրենց պաշտոնական դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ. Սաղաթելյան

Հայաստանի իշխանությունները պարտավոր են օր առաջ հստակ, առանց աճպարարության հայտարարել իրենց պաշտոնական դիրքորոշումը  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, եթե այլ թաքնված նպատակ չունեն։ Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Արցախահայության իրավունքի իրացման փաստի ճանաչումն այլընտրանք չունի։ Ադրբեջանում գտնվող բոլոր գերիների անհապաղ վերադարձը, ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական զորքերի դուրսբերումը պետք է դառնա ՀՀ-ի արտաքին քաղաքականության գլխավոր օրակարգը»,-ընդգծեց Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ Արցախի ճակատագիրը կանխորոշված չէ, և այն կախված չէ միայն գերտերությունների կամքից կամ էլ մեկ պաշտոնյայի քմահաճույքից։ 

«Արցախի և հայ ժողովրդի ճակատագիրը մեր ձեռքերում է: Արցախը մեր ժառանգությունն է, մեր անվտանգությունը, մեր անկախությունը, մեր ապրելու և ապրեցնելու բնականոն իրավունքը։ Շուշին, Հադրութը և Արցախի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված շրջանները միայն ժամանակավորապես են բռնազավթված թշնամու կողմից»,-եզրափակեց Սաղաթելյանը։

  • Կիսվել: