հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իշխան Սաղաթելյանը վստահեցրել է՝ զինված հեղաշրջման կոչերն անընդունելի են

Իշխան Սաղաթելյանը վստահեցրել է՝ զինված հեղաշրջման կոչերն անընդունելի են

Հանրապետության հրապարակում ընթացող հավաքի ժամանակ ակցիայի մասնակիցներից մեկը զինված հեղաշրջման մասին հայտարարություն է արել, գրում է armtimes.am—ը։

Հարցին՝ «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարությունը կիսո՞ւմ է այդ տեսակետը՝ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Դա մեր համար անընդունելի ա: Տեսեք, էսօր կան քաղաքացիներ, որոնք հարթակում... հարթակում չէ. կարող են վերցնել բարձրախոսը եւ խոսել: Եթե ինչ-որ մեկը մի բան է ասում, դա չի նշանակում, որ դա մեր բոլորի տեսակետն է: Շարժման ղեկավարությունը իր տեսակետները հայտնել է: Մեկ անգամ եւս ասում եմ՝ մեզ համար ռազմական հեղաշրջումը, բռնությունները անընդունելի են, որովհետեւ մենք ուզում ենք գնալ սահմանադրական ճանապարհով, որովհետեւ լրացուցիչ ցնցումները վտանգավոր են լինելու մեր երկրի համար, մենք էդ ճանապարհը չենք ընտրելու, բայց նաեւ պետք է հասկանա, որ պետք է հեռանալ: Ուրիշ ճանապարհ չկա»:

Սաղաթելյանը, որ թեեւ կոչ էր անում մեկ քաղաքացու ասածը չվերագրել ամբողջ շարժմանը՝ նաեւ նկատեց. 

«Էս շենքը որ օրը ուզեինք, մենք կգրավեինք, ուզենք՝ էսօր էլ կվերցնենք, սա մեր խնդիրը չի, խնդիրը հասկացնել, որ դուք վտանգավոր եք մեր պետության, պետականության համար, հեռացեք շուտ, անցնցում»:

Նշենք, որ քաղաքացու՝ վերը նշված հայտարարությանն անդրադարձել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Կառավարության մոտ առավոտից բողոքի ակցիա է ընթանում վարչապետի հրաժարականի պահանջով:

  • Կիսվել: