հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Իրինա Յոլյանը չընտրվեց Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Իրինա Յոլյանը չընտրվեց Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր պատգամավոր Իրինա Յոլյանի թեկնածությունը։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը հայտնեց՝ ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 102-ը: Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ:

Փակ՝ գաղտնի քվեարկության համաձայն՝ Իրինա Յոլյանն ստացավ 38 կողմ, 63 դեմ ձայն:

«Ըստ այդմ՝ որոշումը չի ընդունվել»,- ասաց ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը:

Այսպիսով, նա չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնեց՝ «խմբակցությունը, հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում և նաև այսօր իշխող ՔՊ խմբակցության ժողովրդավարական քայլերը և նախագահի թեկնածուին չընտրելը, «Ուժեղ Հայաստան» կուսակությունը ներկա պահին չի առաջադրում նածագահի թեկնածու և հայտնում է, որ նախագահի թեկնածու առաջադրելու է, ԱԺ կանոնակարգ օրենքով և օրենսդրությամբ սահմանված ժամկետում»:

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց՝ թեև ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ չի ընտրվել, սակայն առաջադրման իրավունքը պատկանում է «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը և նրանք դա կարող են անել հետո:

«Հետևաբար, այս փուլում, այս նստաշրջանի շրջանակում մենք ավարտեցինք հանձնաժողովների ձևավորումը, հարցի քննարկումն ավարտեցինք»,- ասաց ԱԺ նախագահը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ էր ընտրվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ օգոստոսի 20-ի նիստին փակ քվեարկության արդյունքում ընտրվեցին ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 9-ի նախագահները, որոնցից 8-ը ներկայացնում էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը: «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած 3 թեկնածուները փակ քվեարկության արդյունքում չընտրվեցին առաջադրված պաշտոններում:

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, կարգի համաձայն, վերոնշյալ երեք հանձնաժողովների նախագահների պաշտոնում առաջադրել էր նոր թեկնածուների:

Ըստ այդմ՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ էր ընտրվել Լիանա Մանուկյանը:

  • Կիսվել: