ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն. ԱԺ նախագահը՝ հրադադարի պայմանավորվածության մասին

Իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն. ԱԺ նախագահը՝ հրադադարի պայմանավորվածության մասին

Հրադադարի պայմանավորվածության հարցում Հայաստանի բոլոր գործընկերները հավասարաչափ իրենց ներդրումն ունեցել են, իրավիճակի շտկման հարցում մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն:

 

Անդրադառնալով հարցին, թե կոնկրետ ո՞ր գործընկերներն են գլխավոր դերակատարն այս հարցում՝ Սիմոնյանն ասել է.

«Բոլոր գործընկերները հավասարաչափ իրենց ներդրումն ունեցել են՝ ՌԴ-ն, Ֆրանսիայի Հանրապետությունը: Երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգները»:

ԱԺ նախագահը դա շատ ողջունելի է համարել:

Անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ կհաջողվի կայուն պահել իրավիճակը՝ Ալեն Սիմոնյանն ասել է, որ չի կարող ասել:

«Մենք պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր զարգացման: Մեր աշխատանքի տրամաբանությունը լիովին այդ տրամաբանության մեջ է, հակառակորդի «բարի կամքի» կամ որևիցե պայմանավորվածության վրա որևիցե հույս դնել չի կարելի: Մենք այդ տրամաբանությամբ ենք շարժվում», – ասել է նա:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին հայտարարել էր, որ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած վերջին հարձակման արդյունքում օկուպացրել է 10 քառակուսի կիլոմետր տարածք:

Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, որ դա որևիցե բնակավայրի չի վերաբերում:

«Հիմնական մարտերը եղել են դիրքերի շրջակայքում, հարձակումը եղել է դիրքերի ուղղությամբ, դիրքերի մասով է եղել այդ փոփոխությունը: Տեղ է եղել, որ մեր կողմից դիրքը հետ է վերցվել, տեղ է եղել, որ իրենք են ինչ-որ հաջողության հասել»,-ասել է ԱԺ նախագահը:

  • Կիսվել: