Իրանի ԱԳ նախարարին շուտով սպասում ենք Երևանում. Արարատ Միրզոյան
Ամեն առիթի դեպքում մենք ընդգծում ենք, թե որքան կարևոր է և որքան ենք մենք գնահատում Իրանի դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության վերաբերյալ: Այս մասին, այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Սա դիրքորոշում է, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակաբար հնչեցնում են:
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ողբերգական ավիավթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանի հրաժեշտի արարողությանը: Վարչապետը մասնակցել է Իրան նորընտիր նախագահ Մասսուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը, երկու հանդիպում է ունեցել գերագույն առաջնորդ Սեյիդ Ալի Խամենեի հետ, տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Փեզեշքիանի երկու հանդիպում և մեկ հեռախոսազրույց:
Իրանում կայացել է Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն է պաշտոնական այցով այցելել Իրան, ինքս երկու հանդիպում եմ ունեցել Իրանի ԱԳ նախարար Արաղչիի հետ: Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակներում վարչապետի հրավերով Հայաստան է այցելել Իրանի առաջին փոխնախագահ Արեֆի գլխավորած պատվիրակությունը:
Այս տարվա փետրվարին ես հնարավորություն եմ ունեցել Ժնևում հանդիպել ԱԳ նախարար Արաղչիի հետ, առաջիկայում ևս սպասվում են շփումներ, մենք սպասում ենք նախարար Արաղչիին մոտ ապագայում նաև Երևանում»,- ասաց Միրզոյանը: