երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանցի զորահրամատարի սպանությունը լարելու է ոչ միայն Իրան-ԱՄՆ, այլ Իրաք-ԱՄՆ հարաբերությունները․ իրանագետ

Իրանցի զորահրամատարի սպանությունը լարելու է ոչ միայն Իրան-ԱՄՆ, այլ Իրաք-ԱՄՆ հարաբերությունները․ իրանագետ

Կարծում եմ՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի՝ Իրաքում զոհվելուց հետո, Իրանի առաջին քայլերից մեկը լինելու է իրաքյան իշխանությունների հետ ավելի սերտ համագործակցությամբ Իրաքից ԱՄՆ-ի զորքերի լիակատար դուրսբերմանը հասնելուն միտված քաղաքականությունը։ Նման կարծիք իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ 

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ հենց իրաքցիները, մեղմ ասած, խանդավառված չեն իրենց երկրում ամերիկյան ներկայությամբ՝ բացառությամբ Քրդստանի տարածաշրջանի, որտեղ ԱՄՆ-ի դիրքերը շատ ավելի կայուն են և ամուր, ուստի այս հարցում Իրաքի իշխանությունները ստացել են լրացուցիչ կռվան՝ պահանջելու ԱՄՆ-ի զորամիավորումների ելքը այս երկրից։

«Ոքան էլ պարադոքսալ թվա, իրանցի զորահրամատարի սպանությունը լարելու է ոչ միան Իրան-ԱՄն առանց այն էլ շիկացած հարաբերությունների մթնոլորտը, այլ նաև հանգեցնելու է Իրաք-ԱՄՆ հարաբերությունների ծայրաստիճան սրման»,- եզրակացրել է վերլուծաբանը։

Նշենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչության ակտ» է անվանել «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանությունը:

«ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչության ակտը՝ ուղղված գեներալ Սուլեյմանիի (սպանությանը) և «Իսլամական պետության», «Ջեբհաթ ան Նուսրայի», «Ալ Քաիդայի» ու մյուսների դեմ պայքարող ամենաարդյունավետ ուժի գեներալին սպանած ակտը չափազանց վտանգավոր է և հիմար թեժացման կհանգեցնի»,- գրել է Զարիֆը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրելու իրանցի զորահրամանատարի սպանության հետևանքների համար։

Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ ուրբաթ հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջանում, ինչի հետևանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաև, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: