չորեքշաբթի, սեպտեմբեր 30
30 / 9 / 2026
Ինչու հետաձգվեց բջջային հեռախոսների ներմուծման մասին նախագծի քննարկումն ԱԺ-ում

Ինչու հետաձգվեց բջջային հեռախոսների ներմուծման մասին նախագծի քննարկումն ԱԺ-ում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա  նիստի օրակարգից հանվեց «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ նախագծի քննարկումը հետաձգում են. «Ոլորտի փորձագետների հետ նախնական քննարկում ենք ունեցել, պայմանավորվել ենք, որ այդտեղ որոշակի լրացուցիչ քննարկման հարցեր կան։ Խոստացել ենք, երբ որ նախագիծը վերջնական տեսքտի կբերվի, իրենց հետ համաձայնության կգանք ու նոր կքննարկենք հանձնաժողովում։ Ընդունում ենք, որ այս նախագծում որոշակի շտկելու բաներ կան»։

Նա նշեց, որ նախագծով կարգավորումները բավականին երկար ժամանակ են քննարկվել՝ 2-3 տարի. «Բացի ստվերի դեմ պայքարից, նաև անվտանգային խնիդր է լուծվում այս նախագծով, փորձ են Հայաստանի բաժանորդներին պաշտպանել գողացված, օգտագործված, բայց նորի տեղ ներկայացվող հեռախոսներից։  Հետաձգելու որևէ հետին միտք չկա. մի բան, որը շատ մարդկանց կյանքի վրա է ազդում, պետք է մանրամասն ու հնարավորինս հրապարակային քննարկվի»։ 

Նիստին ներկա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ասաց, որ անհրաժեշտ է ավելի կիրառելի, չափելի,  տեխնիկապես ավելի հստակ ուրվագծված եզրույթներ նախատեսել նախագծում ֆիսկալ խնդիրների լուծման համար։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է անհատի կողմից իր նոր բջջային հեռախոսի IMEI-ի կոդի առցանց գրանցման հնարավարություն, IMEI-ի միասնական գրանցման և վերահսկողության պետական համակարգ, բջջային ծառայություններ մատուցելիս IMEI-ի համապատասխանության պարտադիր պահանջ, պետական մարմինների, մաքսային ծառայությունների և կապի օպերատորների միջև IMEI տվյալների շտեմարանների համապատասխան փոխգործելիության ապահովում։  

  • Կիսվել: