Ինչքան տարանջատված լինեք, այնքան կուրախացնեք ձեր հակառակորդներին․ ԵԽ պատգամավորը Հայաստանի քաղաքական ուժերին միավորվելու կոչ է արել
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն Հայաստանի քաղաքական ուժերին կոչ է անում միավորվել հանուն խաղաղության։ Ըստ պատգամավորի՝ Հայաստանի քաղաքական ուժերը որքան տարանջատված լինեն, այնքան կուրախացնեն հակառակորդներին։
Այս մասին ԵԽ պատգամավորը հայտարարել է Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում։
Նրա խոսքով՝ Եվրոպան գիտի, որ Հայաստանը գտնվում է մարտահրավերներով լի տարածաշրջանում և շեշտել է, որ այդ մարտահրավերները հաղթահարելու միակ ճանապարհը միասնական լինելն է։
Նատալի Լուազոն ողջունել է հայկական կողմի՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։
«Մենք գիտենք, որ Հայաստանն ունի երկու հարևաններ, որոնց հետ նրա հարաբերությունները լավ չեն։ Միակ ճանապարհը միավորված լինելն է։ Ինչքան տարանջատված լինեք, այնքան կուրախացնեք ձեր հակառակորդներին։ Հայաստանի քաղաքական ուժերին կոչ եմ անում միավորվել հանուն խաղաղության»,-ընդգծել է Լուազոն՝ հավելելով, որ Հայաստանի՝ խաղաղության հաստատման ջանքերին անհրաժեշտ է նաև ԵՄ-ի օժանդակությունը։
Լուազոն նաև գոհունակություն է հայտնել, որ իր երկիրը՝ Ֆրանսիան, ռազմական համագործակցություն է հաստատել Հայաստանի հետ։
Նա հավելել է, որ Հայաստանն աշխարհին հայտնի է որպես երկիրը, որը ձգտում է խաղաղության։ «Թույլ տվեք այդ առումով ողջունել և գովասանքի խոսքեր ասել Հայաստանի այսօրվա կառավարության հասցեին»,-նշել է Լուազոն։