ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ինչպես պատահեց, որ գրեթե միաժամանակ հարյուրավոր տնտեսվարողներ դարձան հանցագործ. Հովիկ Աղազարյանը՝ Արգիշտի Քյարամյանին

Ինչպես պատահեց, որ գրեթե միաժամանակ հարյուրավոր տնտեսվարողներ դարձան հանցագործ. Հովիկ Աղազարյանը՝ Արգիշտի Քյարամյանին

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Խամոյանին, որ իր նախաձեռնությամբ է նաև տեղի ունենում այս քննարկումը: Ինչու շնորհակալություն, որովհետև տևական ժամանակ ես և էլի մի քանի գործընկերներ ցանկանում էինք, որ պարոն Քյարամյանը գա մեր խմբակցություն որոշ պատգամավորների հետ հանդիպի, հարցեր ունեինք տալու և այդ պատվին չարժանացանք, հիմա նաև տիկին Խամոյանի շնորհիվ այդ պատվին արժանացանք»,- ԱԺ-ում հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Պատգամավորը հարց ուղղեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին. «Իմ հարցը վերաբերում է տխրահռչակ ԱԱՀ-ն վերադարձնելուն, բռնագանձելուն, ինչպես պատահեց, որ գրեթե միաժամանակ հարյուրավոր տնտեսվարողներ դարձան հանցագործ, երկրորդ՝ այդ գործերից քանի՞սն են գնացել դատարան և այն գործերը, որոնք դատարան չեն գնացել, ի՞նչ ավարտ են ունեցել»:

Քյարամյանն արձագանքելով՝ նշեց. «Նախ ում համար տխրահռչակ, ում համար էլ շուրջ 10 միլիարդի պետությանը պատճառված վնասի վերականգնում, որակումները կարծում եմ տեղին չեն: Մի ինչ-որ փուլում պետեկամուտների կոմիտեի մեր գործընկերների հետ միասին որոշվեց, որ պետք է վերջ դրվի մեր տեսանկյունից պետության նկատմամբ խայտառակ վերաբերմունքին: Խնդիրը նրանում է, որ ավտոներկրողների մի զգալի հատված, մեքենաները ներմուծելով, ներկայացնում են որպես տնտեսվարման ընթացքում արտասահմանից ներմուծման առարկա, ընկերությունով ներմուծում են Հայաստան, էժան գնով վաճառում են այն անձին, ով իր միջոցներով և իր համար մեքենան բերել է ՀՀ, հարկերից խուսափում են, մի հատ էլ հանդգնում են գնալ ու պետությունից ԱԱՀ-ի դեբետ կանխիկացնել»:

  • Կիսվել: