շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ինչպե՞ս ձեր հայտարարությունը համընկավ Վանեցյանի խափանման միջոցի հարցի քննության հետ. պատգամավորը՝ ԲԴԽ նախագահին

Ինչպե՞ս ձեր հայտարարությունը համընկավ Վանեցյանի խափանման միջոցի հարցի քննության հետ. պատգամավորը՝ ԲԴԽ նախագահին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարցրեց նոյեմբերի 15-ին ԲԴԽ նախագահի հայտարարության վերաբերյալ:

Գրիգորյանի խոսքով՝ եթե հայտարարությունը քաղաքական բնույթ չի կրել, ինչպես Վարդազարյանն է ասում, ինչպե՞ս կարող են հայտարարության հետ կապված հարցերը քաղաքական համարվել: Ինչո՞վ էր պայմանավորված, որ այդ հայտարարության օրը համընկավ Արթուր Վանեցյանի խափանման միջոցի հարցի քննության հետ:
 

«ԱԺ ամբիոնն ու լրագրողի հարցը էապես տարբերվում են: Ինձ մոտ տպավորություն է, որ ես եկել եմ այստեղ, որ դուք ինձ այս երեք տարվա ընթացքում ծառացած բոլոր խնդիրների վերաբերյալ հարցեր տաք, չնայած օրակարգում ոչ թե իմ հայտարարության քննարկումն է, այլ երկու դատավորի ընտրության հարցն է: Ես եկել եմ այստեղ ներկայացնելու իմ երկու գործընկերներին, այլ ոչ թե պատասխանելու այն հարցերին, որոնք վերաբերում են իմ հայտարարությանը: Երեկ համբերատար պատասխանեցի այդ հարցերին, ասացի իմ կարծիքը, ասացի դրդապատճառները և իմ մոտիվացիան»,- նշեց Վարդազարյանը՝ հավելելով, որ հարցերից չի խուսափում, ու խնդրեց նոյեմբերի 15-ին արած իր հայտարարության մասին այլևս հարց չտալ, այն քաղաքական չէ:Վարդազարյանը պնդեց, որ իր հայտարարությունը կապված չէր որևէ անձի կամ որևէ հարցի քննարկման հետ, այդ օրերի լարվածությանն է նա արձագանքել այդ հայտարարությամբ: 

«Դա պահի տակ կատարած արտահայտություն չէր: Այդ տեքստը ես մեկ օր չեմ մշակել: Ցանկացած բառ, խոսք խորապես, մի քանի անգամ ուսումնասիրել եմ, հետազոտել եմ, որ չանցնեմ քաղաքական զսպվածության կանոնը: Նորից պնդում եմ, որ իմ կոչը կապված չէր որևէ անձի կամ որևէ միջդատական վարույթի վերաբերյալ դատական հսկողության գործի հետ»,- նշեց ԲԴԽ նախագահը:

  • Կիսվել: