շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»

Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, Վահագն Խաչատուրյանին, առաջինի հետ նաև ասուլիս է տվել: Սոցցանցերում օգտատերերը նկատել են, որ ի տարբերություն Հայաստան այցելած այլ երկրների ղեկավարների, չի կազմակերպվել Կոբախիձեի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:

«Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:

Մենք դիմեցինք նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալ յանին, որը մեր հարցմանը պատասխանեց հետևյալ կերպ. «Պաշտոնական այցերի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումների շրջանակը որոշվում է փոխադարձ համաձայնեցմամբ՝ հաշվի առնելով այցի օրակարգը և քննարկվելիք հարցերի շրջանակը: Վրաստանի վարչապետի՝ Հայաստան այցի շրջանակներում կայացած հանդիպումների մասին համապատասխան հաղորդագրություններով հանրային տեղեկացվել է»:

Ուշագրավ է մեկ այլ դրվագ ևս: Նախկինում Հայաստան եկած բարձրաստիճան պաշտոնյաների, հատկապես երկրների ղեկավարների այցերի լուսաբանման ժամանակ հատուկ շեշտադրվում էր նրանց այցելությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հատուկ ռեպորտաժներ էին պատրաստվում: Այս անգամ վարչապետի պաշտոնական կայքում ընդամենը նշված է, որ «Իրակլի Կոբախիձեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր»:

Մի փոքր ավելի «առատաձեռն» էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակը, որի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Կոբախիձեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: