Իմ՝ վարչապետ դառնալուց հետո ևս եղել են զեկույցներ, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում. Փաշինյան
Այն, որ պատերազմի շեմին ենք, ՀՀ ղեկավարներին զեկուցվել է պարբերաբար, օրինակ՝ 2011թ. Կազանյան փաստաթղթի չստորագրվելուց հետո, եւ 2018թ-ին իմ՝ վարչապետ դառնալուց հետո եւս եղել են զեկույցներ, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, թե վարչապետին երբ է զեկուցվել, որ պատերազմի շեմին ենք, կամ որ բավական մեծացել է պատերազմի հավանականությունը: Ի դեպ՝ պատգամավորն ընդգծեց, որ շատ կարևոր կլիներ, որ նա նշեր ոչ միայն կոնկրետ ամսաթիվը, այլև ժամը:
Փաշինյանը նաեւ ասաց. ՛՛Այս ամբիոնից Սերժ Սարգսյանն էլ է ասել, որ այս պահից ի վեր պետք է սպասել պատերազմի: Երկու իրավիճակ պետք է տարբերել՝ առաջինը, երբ կատարյալ խաղաղ վիճակ է, եւ հայտնի է դառնում, որ պատերազմ է լինելու, կարմիր լույսերը վառվում են, եւ երկրորդը, երբ պատերազմը հնարավոր է եւ անընդհատ հնչում են, որ Ղարաբաղի հարց է լուծվելու ռազմական ճանապարհով, էդ պատերազմի մասին խոսակցությունները սովորական լրահոսի նման մի բան են դառնում:
Շատ կարեւոր է նաեւ տեղեկության ֆիլտրումը, որից հետո գնահատական են տալիս ինստիտուտները, թե որքանով է դա հնարավոր: Իմ հիշողության մեջ արձանագրված է, որ սեպտեմբերի 27-ից երկու օր առաջ ռադիոկլանում էր գրանցվել, եւ արձանագրված մի նախադասություն այդ հարցում շատ վստահելի էր թվացել, բայց դրանից առաջ անընդհատ եղել են տվյալներ, որ պատերազմ է լինելու: Ադրբեջանը 2016թ. պատերազմից հետո էլ այդ ուղեգիծը շարունակել՛՛:
Այնուհետեւ նա անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների հնչեցրած տարբեր քննադատությունների:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Երբ այս դահլիճում խոսվում է Արցախի սուբյեկտայնության նվազման մասին, ես զարմանում եմ, որ դրա մասին «Հայաստան» դաշինքն է խոսում: Կներեք, դուք եք Արցախը դուրս թողել բանակցություններից 1998թ-ին, եւ դա միջազգայնորեն արձանագրված է, որ ասում եք՝ Արցախի 72%-ն օկուպացված է, բա էդ տարածքը, որ ձեր օրոք բանակցային սակարկման առարկա եք, բա ինչի՞ դրա մասին չէիք ասում:
Կներեք, բայց պիտի ասեմ՝ ձեր խմբակցությունն ինչի՞ էր 2010թ. ՀՀ վարչատարածքային օրենքին կողմ քվեարկում, ըստ որի՝ Փելասարի վերեւով անցնում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը, դեմ քվեարկեիք: Էս վերջերս մեր մասնագետները շատ ճիշտ բան ասացին՝ ի՞նչ կապ ունի Ադրբեջանի սահմանը, գրեիք, որ ստեղ Շուռնուխ գյուղն ա, եւ վարչական սահմանն ավարտվում ա ՀՀ պետական սահմանին, ինչի՞ եք գրել Ադրբեջանի պետական սահմանը: 79%-ը… 30 տարի բանակցել են, թե ոնց վերադարձնեն, եկել ու ասում են՝ 79%-ն օկուպացված ա: Մի անգամ դրա մասին հայտարարություն արե:լ եք, բա էդ ինչի՞ չեք ասել, որ, ըստ ձեզ, դավադրություն ա կազմակերպված, իշխանությունները բացահայտ ասել են դրա մասին: Մեզ մեղադրում եք, թե ինչի պատերազմը չենք կանգնեցրել, բա դուք չգիտե՞ք, որ պատերազմը կանգնեցնելու գինն էդ բոլոր տարածքները վերադարձնելուն համաձայնություն տալն էր, առաջիկայում փաստերը կբացահայտվեն եւ կտեսնենք՝ ավելի շուտ կանգնեցրել եք, թե չէ:
Կամ որ ամսի 19-ին ձեր խմբակցության՝ հիմա ԱԺ փոխնախագահը, որ ասում էի՝ այ էս գնով գնում եմ պատերազմը կանգնեցնելու, ինչի՞ էին ասում՝ վայ, բա տենց ո՞նց կլինի, եւ այլն: Եթե դուք հիմա ասում եք, որ Արցախի Հանրապետության 72%-ն օկուպացված ա, եւ մենք տվել ենք, ուրեմն դուք 1998թ-ից մինչեւ 2016թ-ը ձեր կուսակցությունը կոնկրետ բանակցելիս ա եղել հայրենիքի 72%-ը հանձնելու մասին, կոալիցիա չեք եղե՞լ: Կամ որ եկել, սուբյեկտայնության մասին եք խոսում, բա 1998թ-ին որ իշխանության էիք գալիս, Ղարաբաղին բանակցություններից դուրս թողնելու ժամանակ դա Արցախ չէ՞ր, հայրենիք չէ՞ր, բանտից թարմ դուրս էիք եկել, իշխանության էիք հասնում, Ղարաբաղի մասին մոռացել էի՞ք: Դավադրություն հա դավադրություն, հերիք եղավ, բոլ եղավ:
Հարցեր եք տալիս՝ իմանալով, որ դրանց դռնբաց ռեժիմով պատասխանել դժվար ա: Ասում եք՝ նստենք, խոսանք, ես էլ ասում եմ՝ եկեք, ու երաշխավորում եմ, որ լրիվ ուրիշ խոսակցություն կլինի, ուրիշ տոներով: Ընդդիմադիր երկու խմբակցություններին հրավիրում եմ հանդիպման ամբողջ կազմով՛՛:
Արձագանքելով Փաշինյանի խոսքերին՝ պատգամավոր Աբրահամյանն ասաց. ՛՛Ասում եք՝ տարբեր փուլերում պատերազմի հավանականության մասին եղել են տեղեկություններ, իսկ դրանք վերջնարդյունքում վերլուծության են ենթարկվում, գնահատվում են ռիսկերը, ինչը ենթադրում է պետական կառավարման համակարգը եւ Զինված ուժերը համապատասխան վիճակի բերելը:
Եթե սեպտեմբերի 25-ին ռադիոհետախուզությամբ ունեցել եք նման տեղեկատվություն, Ադրբեջանում էլ համատարած մոբիլիզացիա էր իրականացվում, թուրքերի հետ զորավարժություններ, ինչու՞ Հայաստանն ու Արցախն ապահովագրելու պետական կառավարման համակարգն ու ԶՈւ-ն պատրաստվածության վիճակի չեք բերել՛՛:
Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ ԶՈւ-ն գործում է ըստ կիրառման պլանի: ՛՛Կիրառման պլան կա, այնպես չէ, որ սուբյեկտիվ ցանկությամբ է դա արվում, կան ընթացակարգեր, որոնք պետք է կիրառվեն: Ես ինքս էլ եմ ունեցել էդպիսի գնահատական, ինձ էլ են դա հայտնել, ես էլ կիսել եմ՛՛,-ասաց նա:


