հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի տարածաշրջանում. Փաշինյանը՝ TRIPP-ի իրագործման մասին

Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի տարածաշրջանում. Փաշինյանը՝ TRIPP-ի իրագործման մասին

Հայաստանը համեստ, փոքր պետություն է, և մենք նման ամբիցիոզ հայտարարություններ և մտադրություններ չենք կարող ունենալ: Խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն այդքան էլ լավ չէ, ճիշտ չէ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ-ն ԱՄՆ-ի և ԻԻՀ-ի միջև կարո՞ղ է ստանձնել միջնորդի դեր՝ նպաստելով լարվածության թուլացմանը:

Ինչ վերաբերում է TRIPP նախագծին, որը, լրագրողի դիտարկմամբ, ԻԻՀ-ն ինչ-որ առումով սպառնալիք է ընկալում, Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ն պատրաստ է տալ բոլոր հուզող հարցերի պատասխանները, որպեսզի լարվածությունները վերանան, քանի որ TRIPP-ը տնտեսական ենթակառուցվածքների խոշոր նախագիծ է, որն օգուտ է բերելու և՛ ՀՀ-ին, և՛ ԻԻՀ-ին: Այդ նախագծի իրականացման արդյունքում բացվելու է նաև Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային հաղորդակցությունը ԻԻՀ-ի, Ադրբեջանի, Նախիջևանի, ՀՀ-ի և Վրաստանի տարածքներով:

«Սա այն ուղղություններից մեկն է, որն ի չիք է դարձնում այն քննադատությունները, թե այս նախագծի իրականացումը տարածաշրջանային որևէ երկրի դուրս է թողնում: Ընդհակառակը՝ սա ներգրավող նախագիծ է, և, իհարկե, դրան խանգարող հանգամանք կարող է լինել տարածաշրջանային անկայունությունը:

Հույս ունեմ, որ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի, որպեսզի բոլոր կառուցողական նախագծերը կարողանանք իրականացնել»,- ասաց նա:

  • Կիսվել: