շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
«Հրապարակ». Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկավ Տիգրան Ուրիխանյանը

«Հրապարակ». Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկավ Տիգրան Ուրիխանյանը

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը փետրվարի 11- ին հայտարարություն արեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մա­սին և հայտարարեց, որ այսուհետ որպես անկախ պատգամավոր է հանդես գալու: Պատճառը նա չբա­ցատրեց, միայն գրեց. «Բազմաթիվ իրադարձություններ, վերջին տա­րիների ընթացքում գոյացնելով մի իրավիճակ, որն անպայման պետք է փոխվեր, ստիպեցին վերջապես կայացնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշում»: Հայտա­րարությամբ հանդես եկավ նաև ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը:

«Տիգրան Ուրիխանյանը «Բարգավաճ Հա­յաստան» խորհրդարանական խմբակցության կազմում անցել է երկարամյա քաղաքական ճա­նապարհ, սակայն այս փուլում պատգամավորի մոտեցումներն ու սկզբունքները համահունչ չեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մոտեցումների հետ: Այդ իսկ պատճառով, այս պահից սկսած՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դադարեցնում է համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ: Վերջինս իր գործունեությունը շարունակե­լու է անկախ պատգամավորի կարգավիճակով»,- ասվում է ԲՀԿ հայտարարության մեջ:

Եվ չնայած իր հայտարարության մեջ Ուրիխանյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և խմբակցության գործընկերներին, սակայն պարզ է, որ նա ինչ-որ բանով արժանացել է Գագիկ Ծառուկյանի զայրույթին և հեռացվել խմբակցությունից: Ավելին՝ տե­ղեկություններ կային, որ Գագիկ Ծառուկյանը նրա ձեռքից վերցրել է մանդատը և անգամ որոշած է եղել նրա պատգամավորական լիազորությունները դադարեցնել, սակայն դա չի արել միայն այն պատճառով, որ Ուրիխանյանից հետո մանդատ ստանալու հերթը Մարինա Խաչատրյանինն է, ով հայտնի է իշխանություններին և մասնավորապես Նիկոլ Փաշինյանին դաժանաբար քննադատելու մոլուցքով, իսկ Ծառուկյանը նոր պրոբլեմներ չի ուզում ունենալ:

Այս փաստը Տիգրան Ուրիխանյանը հերքում է: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Ծառուկյանը բարձր բարոյական արժեհամակարգի տեր անձնավո­րություն է»: Ապա հավելեց, որ այդ խոսակցությունները բացարձակ ոչ մի կապ չունեն իրականության հետ և որ իր համար անակնկալ են: «Իրականությանը ոչ միայն չեն համապատասխանում, այլև դրա համար հող էլ չկա, ու խոսելն էլ է անիմաստ»: Պատգամավո­րին հարցրինք՝ այնուամենայնիվ, անհասկանալի մնաց, թե ինչու դուրս եկաք խմբակցությունից: Նա բացականչեց. «Ինչպես թե, ձեր կայքը, ձեր թերթը նույնիսկ գրեց, թե ինչու՝ առանձին, ուրույն քա­ղաքական կուրս իրականացնելու համար»:

Փաստորեն, չէիք կարո­ղանում ԲՀԿ-ի հետ, չէր ստացվում, հարցրինք նրան: «ԲՀԿ-ի հետ, ինչ­պես նշեցի, անցել ենք շատ դժվա­րին, շատ փշոտ, բայց, միևնույն ժամանակ, հետաքրքիր ժամանակ, որի արդյունքում, կարծում եմ, շահել են շատ ու շատ քաղաքացի­ներ, և շատ բան հաջողվել է անել»: Եվ, Ուրիխանյանի խոսքով առանձին կուրս իրականացնելու համար անհրաժեշտ են առանձին գործեր: Անհամբերությամբ սպասում ենք այդ նոր՝ «առանձին» գործերին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: