երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՔԾ-ն անկախ է, բայց դրա գործունեության համար շատ կարևոր են քաղաքական համատեքստը և մթնոլորտը․ Փաշինյան

ՀՔԾ-ն անկախ է, բայց դրա գործունեության համար շատ կարևոր են քաղաքական համատեքստը և մթնոլորտը․ Փաշինյան

Հատուկ քննչական ծառայությունը քննում է բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված գործերը, ու իր էությամբ ու նաև օրենսդրությամբ այս կառույցը անկախ մարմին է։ Այս մասին այսօր ՀՔԾ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ այդ մարմնի գործունեության համար շատ կարևոր են այն քաղաքական համատեքստը և մթնոլորտը, որ երկրում առկա են», - ընդգծեց վարչապետը։

Այնուամենայնիվ, ըստ նրա, ինստիտուցիոնալ անկախությունը երբեք չի կարող նշանակել միջավայրային անկախություն, և հնարավոր չէ միայն մի մարմնում կառուցել անկախություն. «Ինչպես ժամանակին ասում էին՝ առանձին վերցրած երկրում սոցիալիզմ կառուցել հնարավոր չէ, առանձին վերցրած մարմնում օրինականություն, անկախություն, արդարություն կառուցել հնարավոր չէ»։

Փաշինյանի խոսքով՝ այսօր Հայաստանում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցանքների հետաքննության համար ստեղծված են հնարավոր ամենալավ պայմանները։ «Համենայնդեպս, երրորդ հանրապետության պատմության մեջ մենք ավելի լավ պայմաններ երբեք չենք ունեցել»,- նշեց Նվարչապետը և ավելացրեց.

«Կոռուպցիայի դեմ պայքարի մասին երբ խոսում ենք, ցավոք, երբեմն ընկալվում է, որ մենք նկատի ունենք միայն նախկին պաշտոնյաներին: Ամենևին, սկզբունքայնության առումով մենք ավելի շատ նկատի ունենք գործող պաշտոնյաներին, որովհետև եթե չարաշահումների դեմ պայքարը նշանակի միայն անցյալին, դա ընդամենը կլինի քաղաքական նպատակահարմարություն և հին կուլտուրան նոր կուլտուրայով փոխարինելու ձգտում»,-ասաց Փաշինյանը, հավելելով, որ նմանատիպ նույնիսկ լուռ մեկնաբանությունը ոչ մի կապ չունի իրականության հետ:

Վարչապետի խոսքով՝ պետք է արձանագրեն, որ Հայաստանում պաշտոնյանները չեն կարող լինել օրենքից վեր։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատ է խոսվում այն մասին, թե ինչպե՞ս է գործում իրավապահ համակարգը: Ըստ նրա՝ չի կարող ասել, որ շատ բավարարված է կոռուպցիոն գործերի և ընդհանրապես պաշտոնյաների հետ կապված գործերի քննության արդյունքներով:

«Բայց սա քաղաքական մակարդակում շատ հեշտ է արձանագրել, բայց երբ խորանում ենք դետալների մեջ և արձանագրում ենք փաստեր, տեսնում ենք, որ իսկապես հսկայական աշխատանք է կատարված: Այսօր մեր բոլոր քննչական մարմիններում, այդ թվում՝ Հատուկ քննչական ծառայությունում, մենք ունենք մեծ խնդիր քննիչների ծանրաբեռնվածության առումով: Այսօր, երբ ուսումնասիրում ենք մեր քննիչների միջին ծանրաբեռնվածությունը, տեսնում ենք, որ, ըստ էության, մարդիկ աշխատում են անմարդկային պայմաններում: Եվ իսկապես այս աշխատանքի համար ես կուզենայի նախ շնորհակալություն հայտնել ՀՔԾ քննիչներին, ընդհանրապես մեր քննչական մարմիններին, դատախազությանը, բայց մյուս կողմից սա, այսպես ասած, սխալ չընկալվի՝ յուրահատուկ ներպետական «գողգոթայի ճանապարհն» է, և մենք այս տառապանքների միջով պետք է անցնենք, որպեսզի մեր երկիրը դուրս բերենք նոր բարձունքի: Իհարկե, մենք պետք է մտածենք մեր քննիչների սոցիալական երաշխիքների մասին: Եվ Հատուկ քննչական ծառայության պետն այս հարցն անընդհատ բարձրացնում է կառավարության առաջ, և ինչպես կարող եք կռահել, միշտ չէ, որ ձեզ համար ցանկալի արձագանքի է արժանանում, բայց ուզում եմ ասել՝  այս օրակարգը շատ կարևոր է»,- ընդգծեց վարչապետը։

  • Կիսվել: