երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հոգեկան առողջության վերականգնում՝ պատերազմի հետևանքով տուժած հայրենակիցների համար

Հոգեկան առողջության վերականգնում՝ պատերազմի հետևանքով տուժած հայրենակիցների համար

«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ է առաջարկում 44-օրյա պատերազմից հետո հետպատերազմական սթրես ու հոգեկան առողջության այլ խնդիրներ ձեռք բերած մեր հայրենակիցներին։

Ներկա փուլում Հիմնադրամը անվճար հոգևոր-հոգեբանական աջակցություն է տրամադրում Աշտարակ, Ապարան, Թալին, Իջևան, Բերդ, Դիլիջան և Աբովյան քաղաքներում:

Նախորդ երկու ամիսներին Հիմնադրամի կողմից առաջարկվող ծառայությունից օգտվել են շուրջ 100 հայրենակիցներ։ Շահառուների հետ անցկացվում են մինչև ութ հանդիպումներ, որոնք տեղի են ունենում առանձնացված, անաղմուկ միջավայրում, նախապես համաձայնեցվող գրաֆիկով՝ շաբաթական մեկ անգամ։

Անվճար հոգեբանական աջակցություն ստանալու համար պարզապես անհրաժեշտ է գրանցվել օնլայն www.revival.am կայքում։

Առաջնահերթ հոգևոր-հոգեբանական աջակցություն է տրամադրվում հետևյալ խմբերի այն հայրենակիցներին, ովքեր ունեն սուր արտահայտված հետպատերազմական սթրես ու այլ հոգեբանական խնդիրներ.

(1) 44-օրյա պատերազմին կամ դրանից հետո զոհված հերոսների ընտանիքի անդամներ;
(2) Պատերազմի մասնակիցներ (այդ թվում՝ վիրավորում ստացածներ) և նրանց ընտանիքի անդամներ;
(3) 2021-2022թթ. զորացրված ժամկետային զինծառայողներ;
(4) 44-օրյա պատերազմից հետո զինված բախումների մասնակիցներ կամ տուժածներ։

«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» ստեղծվել է 2022թ. ամռանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական ամոքմանը աջակցելու և տոկոնության ներուժ հաղորդելու համար։

  • Կիսվել: