կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հնարավոր է Թրամփին օրենսդրորեն արգելվի Իրանի դեմ պատերազմ սկսել

Հնարավոր է Թրամփին օրենսդրորեն արգելվի Իրանի դեմ պատերազմ սկսել

ԱՄՆ-ում դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը Սենատի քննարկմանն է ներկայացրել բանաձև, որով առաջարկում է արգելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ` առանց Կոնգրեսի համաձայնության: Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը:

Բանաձևը ներկայացվել է ԱՄՆ-ի կողմից Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության ֆոնին:

ԱՄՆ-ի Կոնգրեսն իրավունք ունի պատերազմ հայտարարել և նախագահին թույլտվություն տալ ռազմական գործողություններ վարելու համար: Այնուամենայնիվ, գործադիր իշխանությունն ԱՄՆ-ից դուրս դե-ֆակտո կատարում է մի շարք ռազմական գործողություններ՝ դրանք հիմնավորելով Կոնգրեսի տված նախկին թույլտվություններով և ԱՄՆ քաղաքացիներին պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Փաստաթուղթը նախատեսում է արգելել Թրամփին առանց Կոնգրեսի համաձայնության ցանկացած «թշնամական քայլի» դիմել Իրանի դեմ 30 օրվա ընթացքում:

Հունվարի 3-ին Ղասեմ Սուլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը:
 
Իրանի Press TV-ն հայտնել է, որ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սուլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելով, որ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ֊ից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարել: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը այդ գործողությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ։
 
Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասված է.

 

«Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից:

Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության»։

  • Կիսվել: