երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հիվանդների միայն 6 տոկոսն է, որ կարիք ունի հոսպիտալացման. Անահիտ Ավանեսյան

Հիվանդների միայն 6 տոկոսն է, որ կարիք ունի հոսպիտալացման. Անահիտ Ավանեսյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում` նշելով, որ նկատվում է «Օմիկրոն» շտամով հիվանդացության կտրուկ աճ:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2556 նոր դեպք, իրականացվել է 7407 թեստավորում, գրանցվել է մահվան երկու դեպք:

Նախարարի խոսքով` հիվանդների միայն 6 տոկոսն է, որ կարիք ունի հոսպիտալացման, ինչը միակ լավ լուրն է:

«Առաջիկայում ունենք արդեն իսկ հստակ հիվանդանոցային կարողությունների` մահճակալների ծավալման պլանը, այս պահին դեռ այն ամբողջովին չենք գործարկել, ներկայում 6 բժշկական կենտրոն է ընդգրկված կորոնավիրուսի բուժման մեջ», - ասաց Ավանեսյանը:

Նա նշեց, որ Հայաստանում շարունակում են ակտիվորեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ. առաջին դեղաչափ արդեն ստացել է քաղաքացիների 45,3 տոկոսը, երկրորդ դեղաչափը` 37 տոկոսը:

Նախարարը վստահեցրեց` պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են հիմնականում ասիմպտոմ կամ սիմպտոմները թեթև են ու հարբուխի նշաններ են:

Ավանեսյանն ասաց, որ Հայաստանն ապահովված է պատվաստանյութերի բավարար պաշարով. կան բոլոր տեսակի պատվաստանյութերը, իսկ «Pfizer»-ն առաջիկայում կլինի Հայաստանում:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվում են հիմնականում 35-ից 60 տարեկանները, 65+ քաղաքացիների պատվաստումներն 18-19 տոկոս է, ինչը մտահոգիչ է, քանի որ նրանք են գտնվում ռիսկի խմբում:

Կան պատվաստումներ նաև մինչև 18 տարեկան երեխաների շրջանում. 12-ից 17 տարեկանների շրջանում արդեն պատվաստվել է 1675 հոգի, որոնք ստացել են առաջին դեղաչափը, իսկ 2-րդ դեղաչափը ստացել է 1000 հոգի:

Պատվաստումներ ակտիվ իրականացվում են Վայոց ձորի, Արարատի մարզում. ակտիվ է նաև Երևանում:

  • Կիսվել: