հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հինգ երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել. Միրզոյան

Հինգ երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել. Միրզոյան

Օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում ծրագրի ներքո մենք ունենք մեր ամենամեծ ֆինանսական հատկացումը՝ 12 միլիարդ 835 միլիոն դրամ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Այս ծրագիրը ապահովելու է օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի դիվանագիտական ուրեմն մարմինների միջոցով կառավարության քաղաքականության իրականացումը, ինչպես նաև իհարկե հյուպատոսական ծառայությունների մատուցումը։

Այս պահի դրությամբ մենք դիվանագիտական հարաբերություններում ենք 185 երկրների հետ։ Այս տարի դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել, արդեն ասվեց Պակիստանի հետ, ինչպես նաև Սողոմոնյան կղզիների հետ։ Ընդհանրապես այս ծրագիրը երկու բաղադրիչով կարելի է առանձնացնել. նախ, ուրեմն, դեսպանությունների բացումը, այսինքն մեր հետագա դիվանագիտական ներկայության ընդլայնումը մեր կարևոր քայլերից մեկն է, մենք շարունակում ենք սա շարունակել և այս ուղղությամբ ջանքեր գործադրել։ Այստեղ, մեծ հաշվով, խնդիրը միայն ֆինանսական ռեսուրսների ժամանակին ուրեմն տրամադրման, ավելացման մեջ է, կառավարությունը սրան ուշադրություն դարձնում է։

Այս տարի մենք դեսպանություն կարողացանք հիմնել Կիպրոսում, Հունգարիայում արդեն մեր դեսպանը աշխատում է։ Օմանի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր ենք համարում և այնտեղ նույնպես դեսպանություն բացեցինք։

Երկրորդ բաղադրիչը եղած գույքի վերանորոգումն է, ավտոպարկի մասին հոգ տանելը, դիվանագետների աշխատանքային, սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը։ Նաև անշարժ գույքի ձեռքբերումն է այս ծրագրի ներքո իրականացվում։

Ես ուզում եմ հիշեցնել, որ 2023 թվականին մենք Լոնդոնում ձեռք բերեցինք դեսպանության համար անշարժ գույք,մ իսկ 2024 թվականին՝ Փարիզում։ Հուսով եմ, այնտեղ ևս վերանորոգման աշխատանքները կավարտվեն և մենք կտեսնենք ամբողջությամբ մեր ձեռք բերած գույքը արդեն վերանորոգված։ Նաև 2025 թվականին մենք անշարժ գույք ենք ձեռք բերել Բրյուսելում այս գործընթացը ևս շարունակական բնույթ է ունեցել»:

  • Կիսվել: