կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
ՀՀ նախագահն ընդունել է «Մասդար» ընկերության պատվիրակությանը

ՀՀ նախագահն ընդունել է «Մասդար» ընկերության պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիին և նրա գլխավորած պատվիրակությանը:


 
 
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, նշելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Մասդար» ընկերության միջև նոյեմբերի 26-ին, 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրի շրջանակներում, ստորագրվել է կառավարության աջակցության համաձայնագիր:
 
 

Շնորհավորելով փաստաթղթի ստորագրման կապակցությամբ՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ «Մասդար» ընկերության կողմից Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում իրականացվող խոշոր ներդրումային ծրագիրը կդառնա փոխշահավետ գործակցության սկիզբը: 

«Սա Ձեր ընկերության առաջին խոշոր նախագիծն է մեր երկրում, և ակնկալում եմ, որ այն շարունակություն կունենա ու հիմք կստեղծի հետագա երկարաժամկետ համագործակցության համար: Մենք միասին շատ գործ կարող ենք անել՝ ընդգրկելով ոչ միայն մեր երկրի համար չափազանց կարևոր վերականգնվող էներգիայի, այլև մի շարք այլ ոլորտներ»,- ասել է նախագահ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ հնարավորինս պատրաստ է աջակցել կարևոր ծրագրի հաջող իրականացմանը և գոհունակություն է հայտնել, որ Արաբական Միացյալ Էմիրություններ այցերի ընթացքում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում:

«Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահին և ծրագրի հայաստանյան գործընկեր, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրեն Դավիթ Փափազյանը տեղեկություններ են ներկայացրել ծրագրի ընթացքի մասին: Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահին ընդգծել է, որ իրենք նույնպես շահագրգռված են ծրագրի հաջողությամբ և, որպես վերականգնվող էներգիայի ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություն, պատրաստ են իրենց փորձը ներդնել Հայաստանում: 

«Վստահ եմ, որ ծրագրի հաջող իրականացումը Հայաստանում ներդրումների համար նոր հորիզոններ կբացի»,- ասել է նա:

Հանդիպմանը քննարկվել են նաև մի շարք այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

  • Կիսվել: