երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ-ն կոչ է անում Ալբանիային՝ ուղիղ կապ հաստատեկ ԼՂ ժողովրդի հետ. ԱԳՆ

ՀՀ-ն կոչ է անում Ալբանիային՝ ուղիղ կապ հաստատեկ ԼՂ ժողովրդի հետ. ԱԳՆ

Հայաստանը կոչ է անում Ալբանիային՝ որպես ԵԱՀԿ անդամ երկրի, Մինսկի խմբի համագործակցությամբ հաստատել ուղիղ կապեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և նրա ընտրված ներկայացուցիչների հետ: Այս մասին ԵԱՀԿ հատուկ նիստի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Նրա խոսքով՝ ԼՂ հակամարտությունը վերաբերում է տեղի ժողովրդի ֆիզիկական գոյությանը և նրա ինքնորոշման իրավունքին: Դիվանագետը միևնույն ժամանակ անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների՝ դեկտեմբերի 5-ի հայտարարությանը, որտեղ հաստատվում է, որ ԼՂ հակամարտության արդար և ամուր կարգավորումը պետք է հիմնվի երեք սկզբունքների վրա, որոնք հաստատվել են ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից:

«Ալբանիայի ղեկավարության անվերապահ ընդունումն այս սկզբունքների, այդ թվում՝ նաև ինքնորոշման սկզբունքի, կարևորագույն նշանակություն ունի ԵԱՀԿ-ի հետևողական մասնակցության համար այս գործընթացին»,-հայտարարել է Արմեն Պապիկյանը: Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել մասնակցությունը բանակցային գործընթացին՝ կիրառելով համեստ, բայց դրական փորձը՝ հակամարտության բոլոր կողմերի միջև վստահության միջոցառումներ ձեռնարկելու գործում:

  • Կիսվել: