կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ կառավարությունը միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու. Փաշինյան

ՀՀ կառավարությունը միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու. Փաշինյան

Ամենակարևոր խնդիրը և մարտահրավերը մեր արտաքին անվտանգության ապահովումն է: Այս մասին այսօր ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն ասաց ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք պետք է արձանագրենք, որ մեր արտաքին անվտանգության ապահովումն իսկապես ամենամեծ մարտահրավերն է, որ պետք է կարողանանք հասցեագրել: Եվ այդ խնդրի լուծման մի քանի գործիք պետք է կիրառենք՝ առաջինը՝ մեր դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը, երկրորդը՝ մեր զինված ուժերի, բանակի բարեփոխումները՝ Հայաստանում ստեղծելով իրոք պրոֆեսիոնալ բանակ: Ես խնդրում եմ՝ պրոֆեսիոնալ բանակը չշփոթել պայմանագրային բանակի հետ՛՛:

Փաշինյանի խոսքով՝ գնալու են զինվորի մարտական պատրաստության աստիճանը բարձրացնելու ճանապարհով. ՛Մենք գնալու ենք այս ճանապարհով: Սա մի ծրագիր է, որը շատ բարդ է, բայց մյուս կողմից՝ ծրագիր է, որը շատ մանրամասն պետք չէ հրապարակային քննարկել: Ուզում եմ ընդգծել, որ մեր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչը, ինչքան էլ այլ կերպ է հնչում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է:

Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերն իրենց ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարեն: ՀՀ-ն մինչև այս պահն իրականացրել է իր ստանձնած պարտավորությունները և կառուցողական աշխատում է այդ ուղղությամբ՛՛:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման կետին: Այս առնչությամբ նա ասաց. ՛՛ՀՀ կառավարությունը միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: Եթե դուք ուզում եք իմանալ, թե ինչ է նշանակում նոյեմբերի 9-ի հայտարարության տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը վերաբերող դրույթը, կարդացեք հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարությունը, որովհետև այդ հայտարարության մեջ ճշգրիտ գրանցված է, թե ինչ է նշանակում այդ կետը՛՛:

 

  • Կիսվել: