կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵՄ դեսպանին

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵՄ դեսպանին

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 29-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։

Ինչպես տեղեկացրին նշված հանձնաժողովից, հանդիպման մասնակիցները քննարկել են համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները, Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակն ու զարգացումները և COVID-19 համավարակի հետևանքով սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու հնարավորությունները:

«ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արագ արձագանքման մեխանիզմի միջոցով ներկայումս իրականացվում են բազմաբնույթ ծրագրեր՝ միտված Արցախից տեղահանված ընտանիքներին աջակցությանը:

Դեսպան Վիկտորինը վերստին հաստատեց ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ Այս համատեքստում դեսպանը հայտնել է ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը 9 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ հատկացնելու, ինչպես նաև COVID-19 համավարակի դեմ պայքարին աջակցելու համար Հայաստանին հավելյալ 24 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու կարևորության մասին։

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ԵՄ անդամ 27 պետությունների կողմից վավերացման գործընթացի ավարտը։ Հատուկ շեշտվել է ԵՄ ֆինանսավորմամբ «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» թվինինգ ծրագրի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: